Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա դուք, լիակատար ջախջախված վիճակում, էն որ պարզ չի՝ ընդհանրապես կաք, թե չկաք, եկել, մեզ ասում եք՝ գիտեք ինչ կա, դուք չեք հաղթել․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Հայաստան» դաշինքին

«Ինձ մոտ տպավորություն է, որ «Հայաստան» դաշինքը, եթե այդպիսին դեռ գոյություն ունի, հաղթանակ բառի իմաստը լավ չի հասկանում։ Ընտրություններից առաջ, եթե չեմ սխալվում ձեր ոչ պաշտոնական կարգախոսներից մեկն էր «կրելու ենք», հետո էլ պարզվեց՝ էդ «կրելը» նշանակում էր մտնել խորհրդարան։ Հիմա փաստ է, որ ՏԻՄ ընտրությունների մեծ մասում ՔՊ-ն հաղթել է՝ կա՛մ 50+1 տոկոսով, կա՛մ՝ ամենայն հավանականությամբ՝ կոալիցիոն կառավարում ստանձնելով»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ իր արտահերթ ելույթի ժամանակ։

Այնուհետև նա հարցրեց՝ արդյոք «Հայաստան» դաշինք կա՞, գոյություն ունի՞, որովհետև, իր տպավորությամբ «Հայաստան» դաշինք գոյություն չունի։ Այնուհետև նա իր ասածը հիմնավորեց փաստերով։

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ «Հայաստան» դաշինքը որևէ տեղ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, մասնակցել է որոշ տեղերում «Հայաստան» դաշինքի մաս կազմող ուժերից  մեկը, որը բոլոր տեղերում պարտվել է։ Հիմա դուք, լիակատար ջախջախված վիճակում, էն որ պարզ չի դուք ընդհանրապես կաք, թե չկաք, եկել ասում եք գիտեք ինչ կա, էդ որ դուք հաղթել եք իրականում դուք չեք հաղթել։ Լավ դուք եք հաղթել, ոնց որ հունիսի 20-ին եք հաղթել, նենց էլ հիմա եք հաղթել։ Դուք հաղթողներ եք, սիրելի բարեկամներ, ուղղակի մի հատ պրոբլեմ կա՝ դուք չկաք»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Ի հավելումն նա նշեց, որ ընդհանրապես ԱԺ նիստերը վերածվել են երկու թեմայով քննարկումների՝ ով է թուրք ու ինչպես գնահատել ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ուրիշ ոչ մի թեմա չի քննարկվում։