Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամասիայի ավագանու ինքնաբացարկ հայտնած ՔՊ անդամները դիմել են Վարչական դատարան․ պահանջում են նոր ընտրություններ Ամասիայում

Ամասիայի ավագանու ինքնաբացարկ հայտնած ՔՊ անդամները դիմել են Վարչական դատարան․ պահանջում են նոր ընտրություններ Ամասիայում
Քաղաքականություն
18:36, 10 январь 2022
Ամասիայի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները, որոնք ինքնաբացարկ էին հայտնել՝ հրաժարվելով հասանելիք մանդատներից, պահանջում են նոր ընտրություններ։ 

Նրանք դիմել են վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամասիայի ընտրությունների արդյունքները ու նոր ընտրություններ նշանակել։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը։

Հիշեցնենք, որ Ամասիայում ընտրապայքարի էին դուրս եկել երեք քաղաքական ուժեր, որոնցից երկուսը՝ ՔՊ-ն և «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը չնչին տարբերությամբ ձայներ էին հավաքել ՝ վեցական մանդատ ունենալով։

ՔՊ-կանները, որոնք 16 ձայնով առաջատար էին, գտնում էին, որ համայնքապետի պաշտոնը պիտի ՔՊ-ն ստանձնի, այլ ոչ թե «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքի թեկնածուն։

Նրանք ինքնաբացարկ էին ներկայացրել՝ հրաժարվելով մանդատներից ու նոր ընտրություններ պահանջելով։

Նույնիսկ բողոքի ցույց էին արել մարզպետարանի շենքի դիմաց՝ պնդելով, որ 9 մանդատով չի կարող ձևավորվել իշխանություն Ամասիայում․ 6 մանդատ ստացել էր «Արփի Ամասիա» դաշինքը, 3 մանդատ ՀՀԿ-ն։

Ցուցարարները պահանջում էին նոր ընտրություններ անցկացնել Ամասիայում, քանի որ, նրանց ձևակերպմամբ, իրենց «հաղթանակը ծախել են»։

Նրանք պնդում էին, որ համայնքապետի աթոռը վաճառել են։ Ցուցարարների մեկնաբանմամբ, ըստ օրենքի, նոր ընտրություններ պիտի անցկացվեն, քանի որ 9 մանդատով չի կարող ձևավորվել ավագանի, Ամասիայում դեպքում առնվազն 10 մանդատ պիտի լինի։

Այս պահին Ամասիայի համայնքապետ ընտրվել է «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքի թեկնածու, 71-ամյա ղեկավար Ջեմմա Հարությունյանը։ Նրա երդմնակալության արարողությունն արդեն տեղի է ունեցել։