Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի հարցով ես Լևոն Տեր-Պետրոսյանի և իր գաղափարախոսության հետ տարաձայնություններ ունեմ․ Արցախի պետական նախարար

Արցախի հարցով ես Լևոն Տեր-Պետրոսյանի և իր գաղափարախոսության հետ տարաձայնություններ ունեմ․ Արցախի պետական նախարար
Քաղաքականություն
13:57, 18 январь 2022
«Վերջերս շրջանառության մեջ է դրվել «Սպիտակ թուղթ» կոչվող փաստաթուղթը, որի համահեղինակներից է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած Ժիրայր Լիպարիտյանը, ով նաև ՀՀ ԱԳ փոխնախարարն էր և Արցախի հարցով բանագնաց։ «Սպիտակ թղթի» համահեղինակներից է նաև Ռոբերտ Այդաբիրյանը, որը որոշ աշխատանքներ է ներկայումս կատարում Արցախում, այդտեղ ուրվագծվում են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և կարծիք է հայտնվում, որ Արցախի հանրապետությունը հեռանկար չուներ և այս պատերազմից հետո առավել ևս չունի։ Դուք արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել եք այդ հարցերը»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նաև այս հարցն ուղղեցին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանին։ 

«Ես ծանոթացել եմ սպիտակ թղթի հետ, իհարկե, դա հեղինակների անձնական կարծիքն է, փորձագիտական կարծիք է և չի նշանակում, որ որևէ պաշտոնական նշանակություն ունի։ Ես նաև այլ փորձագետների հետ եմ քննարկում ունենում։ Ես բանավեճ եմ ունեցել «Սպիտակ թղթի» հեղինակների հետ։ Այդ «Սպիտակ թղթում» կան բաներ, որ կարելի է հաշվի առնել, կան եզրահանգումներ, որ ես էլ համամիտ չեմ, ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետությունը հեռանկար ունի և այդ հեռանկարի երաշխիքը այս հողի վրա ապրելն ու արարելն է»,-պատասխանեց Արտակ Բեգլարյանն ու հավելեց․ «Ես Ժիրայր Լիպարիտյանին ասել եմ՝ ցավում եմ, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման պահը միգուցե Դուք չտեսնեք, քանի որ ինքը բավականին տարիքով է, բայց ես համոզված եմ, որ այդ պահը լինելու է։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այս տիպի հարցեր չենք քննարկել, ավելի շատ քննարկել ենք իր փորձառությունը 90-ականների բանակցությունների մասով։ Ես ինքս Լևոն Տեր Պետրոսյանի և իր գլխավորած գաղափարախոսության հետ սկզբունքային տարաձայնություններ ունեմ»։