Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նման անմակարդակ հարցերի չեմ պատասխանի․ խնդրում եմ և պահանջում՝ կոռեկտ արտահայտվել»․ Դումանյանը՝ լրագրողին

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին լրագրողները օրինակ բերեցին Էկոնոմիկայի նախարարի հետ կապված հանգամանքը, երբ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե ե՞րբ է նախարարը հրաժարական տալու, վարչապետ Փաշինյանը նշել էր, որ ինքն է որոշում, թե որ նախարարը ինչքան պետք է աշխատի և երբ պետք է հրաժարական տա, և ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեցին, թե իրավունքների խախտում այստեղ չի՞ տեսնում։ Որևէ նման բան նախարարը այդ հայտարարության մեջ չի տեսնում։

Կրկին նույն թեմայով հարցին, թե ստացվում է այնպես, որ վարչապետը կուզի՝  նախարարները չեն աշխատի, կուզի ցմահ կաշխատեն, կուզի հրաժարական կտան, և ստացվում է, որ նախարարները որոշում կայացնելու իրավունք չունեն, Վահրամ Դումանյանն ասաց․ «Նման անմակարդակ հարցերի չեմ պատասխանի։ Խնդրում եմ և պահանջում կոռեկտ արտահայտվել»։

Մյուս նույնաբովանդակ հարցերին պատասխանելով նախարարը նշեց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնելը ենթադրում է, որ վերադասի որոշմամբ հնարավոր է ամեն պահի ազատվել զբաղեցրած պաշտոնից կամ չընդունվի հրաժարականի դիմումը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի թարգմանությանը, որը իրականացվել է նաև պետական միջոցների հաշվին, Դումանյանն ասաց, որ լիարժեք պատասխանելու համար գրավոր ձևով կտրվի ամփոփ պատասխան, թե ինչն է ֆինանսավորվել, ինչու և ինչպես և հանրությունը լիարժեք կտեղեկացվի։