Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար վտանգավոր գործընթաց կարող է դառնալ, եթե այս ռուս-ամերիկյան դիմակայությունը տեղափոխվի Հարավային Կովկաս․ քաղաքագետ

Մեզ համար վտանգավոր գործընթաց կարող է դառնալ, եթե այս ռուս-ամերիկյան դիմակայությունը տեղափոխվի Հարավային Կովկաս․ քաղաքագետ
Քաղաքականություն
14:40, 21 январь 2022
«Ընթացող գործընթացներում առավել կարևոր է ռուս-ամերիկյան գործընթացը, որովհետև ռուսները, մեծ հաշվով լուրջ չեն ընդունում, ոչ ՆԱՏՕ-ի հետ տեղի ունեցող գործընթացը, ոչ էլ ԵԱՀԿ շրջանակներում տեղի ունեցող գործընթացը։ Ռուսական արտաքին քաղաքական մտածելակերպի մեջ, այդ ձևաչափերը ստեղծվում են՝ ԱՄՆ-ի կողմից հարցը լղոզելու համար»,- այդ մասին «ՌԴ-ՆԱՏՕ բանակցություններ․ ինչ հետևանքներ կունենա աննախադեպ լարվածությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ 

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն էլ իրենց հերթին շեշտը դնում են նաև այդ ձևաչափերի գոյության վրա, որպեսզի այնպիսի տպավորություն չստեղծվի, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը երկուսով նստած Եվրոպայի ճակատագիրն են որոշում և Եվրոպայի և ՆԱՏՕ-ի այլ գործընկերների, դաշնակիցների մասնակցությունն այդ առումով է կարևորվում։ 

«Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, մենք գիտենք, որ այս ճգնաժամը սկսվել է դեռևս 2021 թվականի գարնանը, երբ Ռուսաստանը զորքեր էր կուտակել մարտ-ապրիլ ամիսներին։ Այն ժամանակ այդ գործընթացն ավելի շատ հետապնդում էր քաղաքական նպատակներ։ Այսինքն՝ Ուկրաինայում տեղի էին ունենում մի շարք գործընթացներ, եթե հիշում եք՝ փակվել էին պրոռուսական երեք ալիքները, քրեական գործ էր հարուցվել Պուտինի մերձավոր Մեդվեդչուկի նկատմամբ, և Ռուսաստանը մեծ հաշվով կորցրել էր Ուկրաինայում քաղաքական, ազդեցության իր բոլոր լծակները»,- ասաց քաղաքագետը։     

Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ գարնանը Ռուսաստանն ինչ-որ չափով հասավ իր քաղաքական նպատակներին, տեղի ունեցավ Պուտին-Բայդեն Ժնևյան հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց ինչպես ռազմավարական կայունության խնդիրը, այնպես էլ Ուկրաինայի շուրջ իրադարձությունները։ 

Քաղաքագետը նշեց, որ պատերազմի վտանգի մասին խոսում է նաև զորքերի այն քանակի ու տեսակի կուտակումները, որոնք կան Ուկրաինայի հետ սահմանին։

Խոսելով նաև այն մասին, թե այս գործընթացներն ինչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի վրա, քաղաքագետն ասաց, որ չի կարծում, թե Ուկրաինայում պատերազմի արդյունքում այստեղ պատերազմի վտանգը շատ կբարձրանա, սակայն կբարձրանա ապակայունացման վտանգը, սահմանային բախումները, որոնք պարբերաբար տեղի էին ունենում, Ադրբեջանը վստահաբար կարող է  օգտագործել այդ պահը՝  հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու համար։  

«Սակայն մեզ համար ավելի մեծ մասշտաբով վտանգավոր գործընթաց կարող է դառնալ, եթե այս ռուս-ամերիկյան դիմակայությունը տեղափոխվի Հարավային Կովկաս»,- ասաց քաղաքագետը։