Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալիբների հաղթանակով տարածաշրջանում նվազում է ԱՄՆ դերը, և ավելի է մեծանում Ռուսաստանի ու Թուրքիայի դերը․ քաղաքագետ

Թալիբների հաղթանակով տարածաշրջանում նվազում է ԱՄՆ դերը, և  ավելի է մեծանում Ռուսաստանի ու Թուրքիայի դերը․ քաղաքագետ
Հայաստան
15:19, 18 август 2021

Հայաստանը եթե հիմա ավելացնի ՀԱՊԿ մեխանիզմները՝ առաջնահերթությունը կտրվի Կենտրոնական Ասիային, այլ ոչ թե մեր տարածաշրջանին. քաղաքագետ 
 
«Չեմ կիսում այն մտահոգությունները, որ Աֆղանստանից փախստականների հոսք է սպասվում Հայաստան։ Միակ ազդեցությունը Հայաստանի վրա անուղղակիորեն կարող է լինել այն, որ հիմա թուրք-պակիստանյան հարաբերություններն ինտեսնիվ զարգանում են թե ռազմատեխնիկական, թե քաղաքական առումով»,- այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը «Անկայուն Աֆղանստան. ինչպե՞ս չեզոքացնել նոր սպառնալիքները Հարավային Կովկասի համար» վերտառությամբ քննարկման ժամանակ։ 

Քաղաքագետի խոսքով՝ ամենայն հավանականությամբ Թուրքիան, օգտագործելով Պակիստանի հետ հարաբերությունները, կփորձի ՆԱՏՕ-ին և արևմտյան որոշ պետությունների առաջարկել իր ծառայությունները թալիբների հետ միջնորդավորված բանակցությունների մեջ մտնելու համար. «Թալիբները, Քաբուլ մտնելով, խախտել են 2020թ. փետրվարի 29-ի համաձայնագիրը, ըստ որի՝ պարտավորվել էին խոշոր քաղաքներ չմտնել։ Չի բացառվում, որ Թուրքիան այսպիսով փորձի հավելյալ կշիռ հաղորդել իրեն՝ արևմտյան և ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետությունների շրջանակում։ Հաշվի առնելով, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ  թշնամական է, ապա ցանկացած քայլ, որը նպաստում է Թուրքիայի ռազմական ներուժի ավելացմանը, Հայաստանի համար բացասական կլինի»։ 
Անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Գրիգորյանն էլ ընդգծեց, որ Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահ Բայդենը շարունակում է Թրամփի վարած քաղաքականությունը. «Տարածաշրջանում նվազում է ԱՄՆ դերը, և այս առումով ավելի է մեծանում Ռուսաստանի ու Թուրքիայի դերը, քանի որ ԱՄՆ-ն զբաղվելու է Չինաստանի դեմ մեծ կոալիցիայի ստեղծմամբ»։ 

 Տիգրան Գրիգորյանի դիտարկմամբ՝ իրադարձությունները կհանգեցնեն նրան, որ Ադրբեջանն ավելի ազատ ու սանձարձակ կլինի իր գործողություններում։  

«Մինչև ԱՄՆ վերջնական զորքերի դուրսբերումն Աֆղանստանից՝ Հայաստանն այս քննարկումներին մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում, և ՀԱՊԿ գագաթնաժողովների տարբեր մակարդակներով վերջին հանդիպումներին ուշադրության կենտրոնում աֆղանական հարցն է եղել։ Սեպտեմբերից Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ-ում նախագահությունը, և մինչ Աֆղանստանում այս իրավիճակը՝ մեր պաշտոնյաներն ասում էին, որ ՀԱՊԿ մեխանիզմները պետք է ավելացնել և արդյունավետ դարձնել։ Հիմա հետաքրքիր է, թե ինչպիսին է լինելու Հայաստանի դիրքորոշումը, որովհետև եթե փորձենք ՀԱՊԿ-ն ավելի արդյունավետ դարձնել, ապա առաջնահերթությունը լինելու է հենց Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը, այլ ոչ թե մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, որովհետև Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանի գործողությունները դիտարկում է փոքր մասշտաբի սահմանային միջադեպեր։ Հետևաբար պետք է Հայաստանը ճիշտ գնահատի իրավիճակն ու ՀԱՊԿ նախագահության այս շրջափուլում ճիշտ շեշտադրումներ կատարի»,- նշեց Տիգրան Գրիգորյանը։