Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի նպատակն է՝ թուլացնելով Հայաստանը հասնել նրան, որ Ռուսաստանի ազդեցությունը դուրս մղվի Հարավային Կովկասից․ Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի նպատակն է՝ թուլացնելով Հայաստանը հասնել նրան, որ Ռուսաստանի ազդեցությունը դուրս մղվի Հարավային Կովկասից․ Ռուբեն Սաֆրաստյան
Հայաստան
13:57, 30 июль 2021
Այն, որ Ադրբեջանը շտապում է, որ Թուրքիան շտապում է՝ դա ակնհայտ է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հնարավորինս շատ կորզել Հայաստանի նկատմամբ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից։ Նշեմ, որ Թուրքիան այդ պատերազմից չստացավ այն արդյունքները, որն ինքը նախատեսել էր. մասնավորապես՝ Թուրքիան, հրահրելով ու օգնելով Ադրբեջանին Արցախյան 44-օրյա պատերազմում, նպատակ ուներ, որ Արցախում տեղակայվեն ռուս-թուրքական խաղաղապահ ուժեր, բայց ռուսները թույլ չտվեցին։ Այս մասին «Արմենպրես» գործակալության ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ռուբեն Սաֆրաստյանը։   

«Թուրքիայից ամենաբարձր մակարդակով ամենաբարձր ձևակերպումը հնչեց, որ իրենք պատկերացնում են Արցախի և Արցախի շուրջ տարածքի ապագան այնպես, ինչպես հիմա գոյություն ունի Սիրիայում, այսինքն՝ թուրք-ռուսական պարեկները, որ հիմա շրջում են Սիրիայի տարածքում։ Եվ պատահական չէ, որ Թուրքիան դրան ձգտում էր, որովհետև նա հաշվարկել էր, որ այդ համատեղ պարեկները հնարավորություն կստանան մտնելու նաև Հայաստանի տարածք»,- հավելեց թուրքագետն ու ընդգծեց, որ թուրքական դիվանագիտության վերջնական նպատակը ոչ միայն Արցախն է, այլ նաև Հայաստանը, հնարավորինս թուլացնելու Հայաստանի պետականությունը. «Հիմա Թուրքիան փորձում է Ադրբեջանի միջոցով շատ բան պոկել Հայաստանից»։ 

Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, շեշտեց, որ այդ հարաբերությունները տակտիկական-մարտավարական առումով դաշնակցային են, բայց ռազմավարական առումով այդ երկու երկրները մնում են հակառակորդներ, և նրանց շահերը խորապես տարբերվում են մեկը մյուսից աշխարհի շատ տարածաշրջաններում՝ սկսած Բալկանյան թերակղզուց, ավարտած Կենտրոնական Ասիայով և, իհարկե, Հարավային Կովկասով. «Հարավային Կովկասը Թուրքիայի նպատակն է՝ թուլացնելով Հայաստանը հասնել նրան, որ Ռուսաստանի ազդեցությունը դուրս մղվի Հարավային Կովկասից, և փոխարենը Հարավային Կովկասը դառնա թուրքական ազդեցության տարածաշրջան։ Ակնհայտ է, որ սա ուղղված է Ռուսաստանի դեմ, և Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է և հնարավոր միջոցներով փորձում է պայքարել։ Բայց պետք է հաշվի առնենք, որ ներկայիս Ռուսաստանը ոչ ցարական, ոչ էլ Խորհրդային Ռուսաստանն է և իր հզորությամբ զիջում է Արևմուտքին»։  

Այս համատեքստում թուրքագետը նաև նշեց, որ չպետք է մոռանալ այն, որ Ռուսաստանը գտնվում է Արևմուտքի ծանր բեռի ներքո, և դա ևս ազդում է Ռուսաստանի վրա. «Չպետք է մոռանանք նաև, որ ժամանակակից Ռուսաստանը իր ռազմական ուժով, բոլոր ռեսուրսներով, այդ թվում՝ տեխնոլոգիաներով, զիջում է Արևմուտքին։ Այդ պատճառով, օգտագործելով քաղաքական կոնյունկտուրան, Թուրքիան կարողանում է կամաց-կամաց դանդաղ քայլերով իր ազդեցությունը մեր տարածաշրջանում սկսել ավելի շոշափելի դարձնել։ Իսկ Ռուսաստանը դրա դեմ պայքարում է, ինչքան կարողանում է»։