Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն է պարտավոր Արցախի կարգավիճակի հարցի բեռը տանելու. Արցախի ԱԺ պատգամավորներն արձագանքում են ՀՀ վարչապետի ասուլիսին

ՀՀ-ն է պարտավոր Արցախի կարգավիճակի հարցի բեռը տանելու. Արցախի ԱԺ պատգամավորներն արձագանքում են ՀՀ վարչապետի ասուլիսին
Քաղաքականություն
17:36, 25 январь 2022
Երեկ՝ հունվարի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Արցախին վերաբերող հարցերին։ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ բացի այն բանից, որ Հայաստանն առաջնային պատասխանատվություն ունի Արցախի կարգավիճակի հարցում, Արցախի իշխանությունը ևս պատասխանատու է։ 

Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը Civic.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ Արցախի կարգավիճակի հարցում ինչպե՞ս եք տեսնում այդ պատասխանատվության կրումը, ի՞նչ քայլերի ձևով, նշեց. «Արցախի իշխանությունն այսօր բանակցային կողմ չի ճանաչված, և արցախյան կողմի համար դժվար է այդ հարցն առաջ տանել։ Միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքը և պարտությունը ստիպում են մեզ սահմանափակվել այս կամ այն դեպքերն արձանագրելով կամ լավագույն դեպքում որևէ տեսակետ ներկայացնելով։ Հայաստանի Հանրապետությունն է միջազգայնորեն ճանաչված երկիր, և ՀՀ-ն է պարտավոր այդ բեռը տանելու, որովհետև մեզ հետ հարցեր չեն քննարկվում։ ՀՀ-ն պետք է գործնական քայլեր ձեռնարկի արցախահայության ինքնորոշման և անվտանգության իրավունքը պաշտպանելու տեսանկյունից»։ 

ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Մոսիյանն էլ ընդգծեց, որ իրենք արդեն ձեռնարկել են իրենց քայլերը՝ Արցախը և հանրաքվեով, և Սահմանադրությամբ իր խոսքն ասել է. «Արցախը չճանաչված պետություն է, և Արցախի հետ որևէ կառույց չի խոսում, հետևաբար, համաձայն Գերագույն խորհրդի որոշման, Հայաստանը պետք է զբաղվի միջազգային հարթակներում Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելով»։ 

Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ նաև խոսել է Մադրիդյան սկզբունքներում ամրագրված, այնուհետև իր խոսքով՝ 2016թ.-ին բանակցային փաստաթղթերից հանված՝ Արցախի կարգավիճակի լուծման համար նախատեսված հանրաքվեի դրույթից։ ՀՀ վարչապետը նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցի հանրաքվեն պետք է անցկացվեր կողմերի համաձայնությամբ՝ 1988թ. ԼՂԻՄ-ի ազգաբնակչության համամասնությամբ, այսինքն՝ հանրաքվեին պետք է մասնակցեին 70-ից ավելի տոկոս  հայեր և 30-ից ավելի քիչ տոկոս ադրբեջանցիներ. «Ադրբեջանն ասում է՝ առաջիկա 50-100 տարում հանրաքվե չի լինելու, Հայաստանն էլ ասում է՝ ես համաձայն չեմ, պնդում եմ 5 տարի հետո լինի, Ադրբեջանն էլ ասում է՝ համաձայն չես, ոչ 5 տարի հետո կլինի, ոչ էլ 100 տարի հետո»։ 

ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը, անդրադառնալով Արցախի կարգավիճակի հանրաքվեի համար տարվող բանակցություններին, նախ նշեց, որ 1920թ. ԼՂԻՄ-ում ավելի քան 90 տոկոս հայեր էին ապրում, սակայն տարիների ընթացքում հայ բնակչության թիվը նվազեց ի նպաստ Ադրբեջանի և 1988թ.-ին հասավ 72 տոկոսի. «Արցախահայության ընդվզման պատճառներից մեկն այն էր, որ Արցախին սպասվում էր նույն ճակատագիրը, ինչը Նախիջևանի հետ կատարվեց։ Ինչ վերաբերում է հանրաքվեին՝ ժողովուրդը արել է ժամանակին այդ հանրաքվեն և ստորագրահավաքի տեսքով, և 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրահավաքի»։ 

ՀՀ վարչապետը հիշատակել էր նաև այն փաստը, որ երբ Մադրիդյան սկզբունքներից հանվել է ԼՂԻՄ-ի 1988թ. բնակչության կազմով հանրաքվեին ազգերի մասնակցության համամասնության պահպանության դրույթը՝ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմել է Մինսկի խմբի համանախագահներին՝ վերականգնելու ադրբեջանցիների մասնակցությունը՝ հաշվի առնելով, որ հայ բնակչությունը մեծամասնություն է կազմել: «Ես այդ պատճառով եմ ասել, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել ադրբեջանցիների մասնակցությունը ԼՂ կարգավիճակի որոշման վերաբերյալ հանրաքվեին, որոնք, ըստ բանակցային փաթեթի, պետք է լինեին ԼՂ բնակիչ, և այդ ձևակերպումը ես ստացել եմ որպես ժառանգություն։ Բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը երբեք չի դիտարկվել միայն հայկական տարածք»,- ասել է վարչապետը։

Սակայն Վահրամ Բալայանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ երբ խոսվում է այն մասին, որ Արցախում նաև ադրբեջանցիներ են ապրել, և իրենց իրավունքներն էլ պետք է պաշտպանվեն՝ չպետք է մոռանալ, որ ԼՂ ինքնավարությունը ձևավորվել է հայկական հիմքի վրա, որ սա հայկական ինքնավարություն է, և այն ուներ որոշակի կարգավիճակ. «Խնդիրն այն չէ, որ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է, խնդիրն այն է, որ մենք էլ ենք տարածք ունեցել և մենք էլ ունենք մեր տարածքային ամբողջականության հարցը։ Մենք հայկական ինքնավարություն ենք եղել և քաղաքական տեսանկյունից Խորհրդային Միության կազմում ենք եղել։ Հիմա Խորհրդային Միությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ վերացել է, և մենք էլ մեր իրավունքներն ենք օգտագործել և մեզ ինքնուրույն պետություն ենք հռչակել։ Բայց, ցավոք, մեզ լսող չկա և մեզ հետ հարց քննարկող չկա, հետևաբար այդ ամենը ՀՀ-ն պետք է կատարի, քանի որ ՀՀ-ն ժամանակին իրեն հռչակել է Արցախի անվտանգության հիմնական երաշխավոր»։ 

Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանն էլ ասաց, որ Արցախը թեպետ այս 30 տարիների բանակցային դաշտում ձեռք չի բերել կարգավիճակ, բայց դե ֆակտո անկախ պետություն է՝ իր Սահմանադրությամբ, իր բանակով, իր իշխանությամբ. «Ամբողջ աշխարհը չի ընդունում Հյուսիսային Կիպրոսը որպես անկախ պետություն, բայց այդ պետությունը կա որպես անկախ պետություն։  Հիմա Ալիևը կարող է չի ընդունում Արցախի անկախությունը, բայց հետո համակերպվի, 30 տարի համակերպվել էր դրան»։ 

Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետը իր հերթական մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ 2016թ.-ը աղետալի է եղել ԼՂ կարգավիճակի հարցի բանակցություններում, քանի որ կողմերին ներկայացված փաստաթղթերում չի եղել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դրույթը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցը Մինսկի խմբից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տիրույթ էր տեղափոխվում. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993 թվականին ընդունել է բանաձև, որտեղ ասվում է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, և ԼՂ հարցը կանխատեսելի լուծում էր դառնալու։ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները»։ 

Վարչապետի այս խոսքին արձագանքել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. «Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից»:

Մեր հարցին՝ Արցախը բացի այն բանից, որ միջազգայնորեն չճանաչված է, նաև բանակցային կողմ չէ,  արցախահայությունը, ինքնորոշման իրավունքի բացառիկ տերը լինելով, ինչպե՞ս պետք է իրացնի այդ իրավունքը՝ Վահրամ Բալայանն արձագանքեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ եթե այդ հարցում հնարավոր չէ օժանդակել, ապա պետք չէ խանգարել։ Ճիշտ է, տերը արցախահայությունն է, բայց բանակցելու տեսանկյունից մենք կողմ չենք։  Երբ ես ժամանակին ԱԺ փոխնախագահ էի, բազմիցս հրավեր էի ստանում եվրոպական կառույցներից, օրինակ՝ Եվրախորհրդարանում հարց քննարկելու համար շատ անգամ նույնիսկ վիզա չէին տալիս, որ գնայի խոսեի, քննարկեի»։  

Նարա Մարտիրոսյան