Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման առաջին գործնական արդյունքները մոտ են. վարչապետ

Այսօր՝ փետրվարի 3-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների թեմային, հիշեցրեց, որ երեկ աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելազյորովը:  

«Ըստ էության մենք շատ մոտ ենք՝ արձանագրելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները: Երեկվա այցը նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին: Մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, և երկաթուղին պետք է գործի ՀՀ տարածքում՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում: Երեկվա այցը գործնականացմանն էր ուղղված: Մենք հիմա քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը՝ նախագծման, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ այսպիսի դինամիկայի դեպքում այդ հնարավորության իրագործումը դառնում է առարկայական. «Իհարկե, քանի դեռ առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց մեր քաղաքական կամքը ստանում է կոնկրետ դրսևորումներ»:

Մանրամասն՝ տեսանյութում: