Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնհայտ է մի բան. ապրիլյան քառօրյայից հետո ընտրությունը պատերազմի և խաղաղության միջև էր․ քաղաքագետն արձագանքում է Փաշինյան-Սարգսյան հեռակա բանավեճին

Ակնհայտ է մի բան. ապրիլյան քառօրյայից հետո ընտրությունը պատերազմի և խաղաղության միջև էր․ քաղաքագետն արձագանքում է Փաշինյան-Սարգսյան հեռակա բանավեճին
Քաղաքականություն
21:25, 07 февраль 2022
«ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հնարավորություններ կան, և քաղաքական մեծամասնության քաղաքականությունը հենց սա է: Այս համատեքստում քաղաքական մեծամասնությունը չի մերժել, չի մերժում և չի մերժելու որևէ առաջարկի, գաղափարի, պլանի քննարկում»,- նախօրեին իր ֆեյսբուքյան գրառումն այսպես էր եզրափակել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Գրառումը վերաբերում էր  Սերժ Սարգսյանի՝ ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող պարզաբանում-դատողություններին, որոնք նա հնչեցրել է իր վերջին հարցազրույցում։

Փաշինյան-Սարգսյան բանավեճի, այդ համատեքստում   Վահագն  Ալեքսանյանի գրառման մեջ առկա  որոշ հարցերի շուրջ Civic.am-ը  զրուցել է  քաղաքագետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։

- Պարոն Աթանեսյան, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հեռակա բանավեճի թեման ԼՂ բանակցային ժառանգության թեման է, դրա մանրամասների գաղտնազերծումը։ Նախօրեին պատգամավոր Վ. Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ բանակցային ժառանգությանն առնչվող մի շարք հարցադրումներ էր արել, որոնք բխում էին Սերժ Սարգսյանի՝ վերջին հարցազրույցում հնչած խոսքերից։ Եթե հետևում եք այդ հեռակա բանավեճին, խնդրում եմ, որպես փորձագետ, որը տեղյակ է բանակցային գործընթացին, ընդհանրական գնահատական տալ՝ ի վերջո, որտե՞ղ է ճշմարտությունը։  


- Շատ բարդ թեմա է։ Հակամարտությունների փաթեթային կարգավորման նախադեպ գոյություն չունի։ Որպես կանոն, նման բարդագույն խնդիրները կարգավորվում են փուլային կամ, ինչպես ամերիկացիներն են ասում՝ քայլ առ քայլ տարբերակով։ Հայաստանի հետտերպետրոսյանական իշխանությունը համառորեն փորձում էր հասնել փաթեթային լուծման։ Գործնականում դա անհնար էր։ Նույն գիծը Նիկոլ Փաշինյանն է շարունակել։ Եվ ես չեմ հասկանում այդ հեռակա բանավեճի իմաստը։ Ի՞նչ են ուզում ասել։ Թե՞ հասարակությանը, ժողովրդին են ինչ-որ բան հասկացնում։ Ակնհայտ է մի բան. ապրիլյան քառօրյայից հետո ընտրությունը պատերազմի և խաղաղության միջև էր, մենք ընտրել ենք։ Ավելի պարզ ի՞նչ կա։ Ես նայեցի Վահագն Ալեքսանյանի գրառումը։ Ով նրան այդ փաստաթղթերը տրամադրել է՝ ինքն էլ կարող էր մեկնաբանություններ անել։ Թե չէ, չի կարելի խնդիրը բերել Ալեքսանյան-Աշոտյան «ֆեյսբուքալոգիայի»։ Այդ ամենից ես կարող եմ մի բան առանձնացնել. փաստաթղթերը գաղտնազերծվում են, երբ այլևս քննարկման առարկա չեն։ Սերժ Սարգսյանը դա ժողովրդին հասկացնելու իրավունքը տվեց Փաշինյանին, նա էլ կատարեց։ Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը մի բան են ասում՝ չկա ԼՂ կարգավորում։ Դժվա՞ր է դա հասկանալ, արձանագրել և մտածել հետագա քայլերի մասին՝ իշխանության բերել մի թիմ, որը ԼՂ հարցը փակված չի համարում։ Այս իրավիճակում, կարծում եմ, պատասխանատվությունը պետք է վերցնի Ստեփանակերտը, որովհետև իրավատերը ԼՂ-ն է, նրա հայ մեծամասնությունը։ Ցավոք, այստեղ էլ ինչ-որ անառողջ խմորումների մասին ենք լսում։ Չգիտեմ։ Արցախը պետք է ինքնակազմակերպվի և հանդես գա որպես իրավատեր։

- Դատելով Նիկոլ Փաշինյանի և իշխանության այլ   ներկայացուցիչների հայտարարություններից՝ ՀՀ ներկայացուցիչները 2018-ից հետո քննարկել են Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը հաղթահարելու հնարավորությունները։ Մասնավորապես, Փաշինյանը պնդում է, որ բանակցային փաստաթղթերում առկա անչափ կարևոր մի ձևակերպում՝ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը, և «ընդհանրապես միջանկյալ կարգավիճակ» հասկացությունը 2016 թ. աշնան դրությամբ կորցրել է իր երբեմնի նշանակությունը։ Որովհետև այն, թե ինչ է դա նշանակում, պետք է այլևս որոշեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Կիսո՞ւմ եք այն գնահատականը, որ սա բանակցային ձախողում է՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից ՄԱԿ տեղափոխելը եղել է Ադրբեջանի վաղեմի ցանկությունը։  

- Հայ քաղաքական մտքի ինֆանտիլիզմը այն էր, որ ԵԱՀԿ համանախագահությունը դիտարկվում էր ՄԱԿ ԱԽ-ից առանձին, ինքնուրույն հարթակ։ Եվ ամեն անգամ հպարտանում էր, որ ԼՂ խնդիրը ՄԱԿ տեղափոխելու Ադրբեջանի նախաձեռնությունը հաջողվեց կասեցնել։ ՄԱԿ-ի ԱԽ-ն Կոսովոն էլ է ճանաչել Սերբիայի մաս, հետո՞։ Հենց պետք է գնային ՄԱԿ-ում հարցը քննարկելու ճանապարհով, որովհետև Անվտանգության խորհուրդն այլ բան չէր ասելու, քան իր չորս բանաձևերով էր սահմանված. զինադադար, զորքերի հեռացում, խաղաղապահ առաքելություն և ԼՂ կարգավիճակի հարցով բոլոր կողմերի մասնակցությամբ բանակցություններ։ Այսինքն՝ պատերազմի վերսկսման բացառում, ԼՂ միջանկյալ կարգավիճակ, վերջնական կարգավիճակի համաձայնեցում։ Դա կարող էր տևել տասնամյակներ։ Եվ եթե Ադրբեջանը Սերբիայի նման ոչ կառուցողական գտնվեր, ապա կբացվեր ԼՂ անկախության ճանաչման հնարավորություն։ Հայաստա՞նը կաներ դա, թե՞ շահագրգիռ մեկ այլ պետություն՝ կմնար կոնյունկտուրայի հարց։ Բայց Ադրբեջանը զրկված կլիներ իր «տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավունքից»։ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերը պիտի կարողանայինք աշխատեցնել Ադրբեջանի դեմ, մինչդեռ ստացվեց այնպես, որ դրանք աշխատեցին հօգուտ թշնամու։ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերը իրավական հիմք են, որպեսզի վերականգնվի ԼՂ էթնիկ-տարածքային սուբյեկտությունը։ Միայն դրանից հետո է հնարավոր լուծել կարգավիճակի հարցը։

- Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում պնդում է, թե 2016-ի առաջարկները հայկական կողմի համար  կարմիր գծեր չեն հատել։ Մինչդեռ, ինչպես Ալեքսանյանի գրառման մեջ է նշվում, 2016 թ.-ին միջնորդներին ուղղված մի փաստաթղթում այդ առաջարկներին Ս. Սարգսյանը տվել է բացասական գնահատական, հայկական կողմի համար դրանք անընդունելի են համարվել, ու փորձ է արվել բանակցային փաստաթղթերում վերականգնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը։ Եթե առաջնորդվենք Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ, ըստ որի՝ համանախագահների ասածներին հակադրվելը բերում է վատ հետևանքների,  կարելի՞ է եզրակացնել, որ   համանախագահների առաջարկը մերժելն է եղել ապրիլյան պատերազմի պատճառը։

- Ի՞նչ իմաստ ունի՝ ինչ են առաջարկել, ով, ինչպես և ինչու է մերժել։ Գործնականում մեզ ի՞նչ է տալիս այդ բանավեճը։ Այս պահին մի առաջնահերթություն կա՝ կարո՞ղ ենք վերագործարկել կարգավորման բանակցային գործընթաց, թե՞ ոչ։ Եթե կարող ենք՝ ինչպե՞ս, ի՞նչ ձևաչափում, ի՞նչ ռեսուրսով։ Մնացածը, կներեք, դատարկախոսություն է։  

Հեղինե Մանուկյան