Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամեն անգամ ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ․․․»․ Սերժ Սարգսյանի 3 ամենակարևոր հայտարարությունները տապալված բանակցությունների մասին

«Ամեն անգամ ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ․․․»․ Սերժ Սարգսյանի 3 ամենակարևոր հայտարարությունները տապալված բանակցությունների մասին
Քաղաքականություն
20:36, 12 декабрь 2021
 Տարոն  Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  Սերժ Սարգսյանի 3 կարևոր հայտարարությունները, որոնք հստակ ի ցույց են դնում մինչև 2018-ը ԼՂ հարցի բանակցային իրական պատկերը։
  • 1) 2016 թվականի նոյեմբերի 17, Սերժ Սարգսյան
«Մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ այդ երեք սկբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում ․․․ Բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ »։
  • 2) 2018 թվականի ապրիլի 17, Սերժ Սարգսյան
«Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի հստակ կարելի է ասել, որ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է, կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»: 

Այսինքն, մինչ 2018 թվականի հեղափոխությունը բանակցություններն արդեն կանգնած էին, չկային այլևս։

  • 3) 2018 թվականի ապրիլի 17, Սերժ Սարգսյան
«Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս՝ գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»։

Փաստացի արդեն իսկ 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց սպասվող պատերազմի մեկնարկի մասին։

Նաև ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի ձեւակերպմանը «Այլեւս գոնե շատ տեւական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք…» Սա ասվել է 2018 թվականի ապրիլին: Այսինքն, եթե մինչեւ 2018 թվականի ապրիլը ԼՂ հարցի խաղաղ, թեկուզ և պարտվողական կարգավորման հույս կար, ապա ապրիլին այլևս ՉԿԱՐ:

ԱՄՓՈՓՈՒՄ

  • 1) Նույնիսկ այն պարագայում, երբ մենք համաձայնում էինք վերադարձնել անգամ հայտնի 7 շրջանները, ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ։
  • 2) 2018-ին այլևս չկային բանակցություններ, որովհետև Ադրբեջանի պահանջները մեզ համար անընդունելի էին։
  • 3) Եթե անգամ մինչև 2018-ը հույս կար, որ կհաջողվի հասնել ԼՂ հարցի թեկուզ և մեզ համար պարտվողական բայց խաղաղ ճանապարհով կարգավորման, ապա 2018-ի ապրիլից պետք է այլևս հույս չունենայինք, որ Ադրբեջանը չի փորձի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հարցը։ Այսպիսով հայտարարվեց սպասվող պատերազմի մեկնարկը։