Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատժելու եմ անձամբ, սամոլիչնո». Ծառուկյանին «ամենամեծ սրբության» անունով հավատարմության երդում գրող Նաիրա Զոհրաբյանը սպառնում է «սիմուլյակր» ԱԺ ընդդիմությանը

«Պատժելու եմ անձամբ, սամոլիչնո». Ծառուկյանին «ամենամեծ սրբության» անունով հավատարմության երդում գրող Նաիրա Զոհրաբյանը սպառնում է «սիմուլյակր» ԱԺ ընդդիմությանը
Քաղաքականություն
14:58, 15 февраль 2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ, ԲՀԿ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն այսօր քաղաքական լուսանցքում է հայտնվել, ֆեյսբուքյան գրառումով սպառնացել է «սամոլիչնո» պատժել ԱԺ ընդդիմությանը, որի ներկայացուցիչ Մխիթար Զաքարյանը համարձակվել է հրապարակավ ներողություն խնդրել վարչապետի կնոջ հասցեին արած անպարկեշտ արտահայտության համար։ 
 
Գրառումը վերնագրելով՝ «ԱԺ բեսեդկում հով լռվածներին», Զոհրաբյանը մասնավորապես գրել է. «Զարմանում եմ, որ էսքան ժամանակ տարատեսակ սիմուլյակրներ դեռ չեն հասկացել, որ ինձ սպառնալը, ահաբեկելը անիմաստ թիթիզություն է։ Առնվազն ուղեղաթափ ինֆուզորիա պետք է լինել՝ դա չհասկանալու համար։ Եվ այսպես՝ հունվարի 5-ից սկսած «Հայաստան» դաշինքի պատգամավորը All-inclusive ռեժիմով, ինչպես յուրաքանչյուր հարցազրուցի նախաբանում է ասում՝ «օգտվելով առիթից» ներողություններ է խնդրում Նիկոլից։

Ու քանի որ ես չեմ բնակվում իշխանական լրատվամիջոցներում, նվաստացման այդ Non Stop ռիտուալները տեսնում եմ բավականին ուշացումով և, օգտվելով առիթից, տալիս եմ միակ տրամաբանական հարցը, որը կտար ՀՀ յուրաքանչյուր սթափ քաղաքացի՝ «իմ խիստ արմատական ընդդիմադիր, մենք քեզ ինչի՞ համար ենք ուղարկել ԱԺ»։ Սույն մինուճար հարցին պատասխանելու փոխարեն բարձրանում է համազգային մի բոլոլա, իսկ All-inclusive ռեժիմով ներողություն խնդրողի կուսակցապետը մի երկար նամակ է գրում առ այն, թե ինչ կռված տղա է իրենց պաշտպանյալը։ Կռված տղա լինելը ինդուլգենցիա չի Նիկոլից Non Stop ռեժիմով ներողություն խնդրելու համար, հատկապես, որ ձեր մանդատի ֆունկցիան դրա տրամագծորեն հակառակն է։

Ու ոչ էլ ձեր մանդատի ֆունկցիայի մեջ է մտնում, օրինակ, գնալ Նավակ Ճոճողի սենյակ և առաջարկել համոզել Սեյրան Օհանյանին, որ նա էլ համոզի Ռոբերտ Քոչարյանին, որ պերմանենտ չընտրվող Արթուր Ղազինյանի փոխարեն իրեն առաջադրեն հանձնաժողովի փոխնախագահ՝ խոստանալով հնարավորինս լոյալություն։

Ու էդ դիշովի դեմագոգությունը, թե ընդդիմությանը քննադատողը ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին, թարգեք։ Մտքներովդ չանցնի, թե էդ «կռուտիտով» արդարացնելու եք ԱԺ բեսեդկում ձեր հով լռվելը։ 

...Ձեր մանդատը մեկն է՝ հեռացնել Նիկոլին։ Կա՛մ անում եք, կա՛մ հեռանում եք Նիկոլի հետ միասին՝ հեզաքայլք։ Հա, ձեր շպանաներին էլ հավաքեք ու կոնսերվացրեք՝ որպես ժամկետանց կիլկի։ Ոստիկանություն չեմ դիմելու։ Պատժելու եմ անձամբ։ Սամոլիչնո»։

Զարմանալի է, որ այսքանից հետո Զոհրաբյանը խնայել և չի հրապարակել այն ընդդիմադիրի անունը, որը «գնում է ՔՊ պատգամավորների սենյակներ»՝ առաջարկելու սեփական թեկնածությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ 

Նաիրա Զոհրաբյանի սկզբունքայնությանը, իհարկե, հնարավոր կլիներ հավատալ, եթե ընդամենը 2 տարի առաջ չբացահայտվեր նրա հավատարմության երդումը՝ ուղղված այն ժամանակվա իր կուսակցապետ Ծառուկյանին։ Ինչպես հայտնի է՝ 2020 թ.-ի հունիսի 15-ին ԱԱԾ-ն տեսանյութ հրապարակեց քրեական գործով անցնող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին, որի ընթացքում գտնվեցին նաև ԲՀԿ պատգամավորների «ղազագրերը»։ Դրանում վերջիններս հավատարմության և 2017-ի ընտրություններում ձայներ ապահովելու մասին գրավոր երդումներ էին տվել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ 
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունով «սամոլիչնո»  գրված թղթի վրա, օրինակ, նշվում էր, որ ինքն այլևս չի անելու հայտարարություններ, որոնք «նախապես չեն քննարկվել և համաձայնեցվել Ծառուկյանի հետ»։

«Ես երաշխավորում և երդվում եմ իմ միակ, ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջկանով, որ այլևս էմոցիոնալ առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու»,- գրել էր Զոհրաբյանը՝ հավելելով. «Սա իմ պատվի հարցն է, որը ես որպես քաղաքական գործիչ, կին և մայր խոստանում եմ Գագիկ Ծառուկյանին»։

Մխիթար Զաքարյանին խորհուրդ ենք տալիս ամեն դեպքում առաջիկա օրերին զգույշ լինել։