Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես գիտեի 20-22 ռազմագերու վերադարձի մասին, բայց ինձ թույլ չտվեցի իմ տեղեկությունը տարածել»․ Նաիրա Զոհրաբյան

«Ես գիտեի 20-22 ռազմագերու վերադարձի մասին, բայց ինձ թույլ չտվեցի իմ տեղեկությունը տարածել»․ Նաիրա Զոհրաբյան
Հայաստան
16:13, 09 апрель 2021
«Ես գիտեի 20-22 ռազմագերու վերադարձի տեղեկությունների մասին։ Գուցե ավելի, բայց ինձ թույլ չտվեցի իմ տեղեկությունը տարածել։ Երեկվա կատարվածն անարգանք էր պետության եւ ծնողների հանդեպ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկվա իրադարձություններին, երբ Բաքվից ինքնաթիռ ժամանեց առանց գերիների։

«Զարհուրելի է, որ որոշ ծնողների ասել էին այսինչ ժամի լինել օդանավակայանում։ Ես գիտեմ, որ ծնողները տներում սեղաններ էին գցել, հագուստով եւ խուրմայով եկել օդանավակայան։ Մի քանիսը չգիտեին իրենց որդին հաստատ գալու է, թե չէ, բայց եկել էին, եւ ինքնաթիռը դատարկ էր։ Դեռ երկար պետք է վերլուծել, թե ինչու այդպես եղավ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Բաքվից հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռ է ժամանելու Երեւան, ինչը հաստատել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը․ սակայն ինքնաթիռը Երեւան եկավ առանց ռազմագերիների, որից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։