Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն պե՛տք է մնա ՀԱՊԿ-ում և համագործակցի, այլընտրանք չկա. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ-ն պե՛տք է մնա ՀԱՊԿ-ում և համագործակցի, այլընտրանք չկա. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքականություն
11:59, 17 февраль 2022
«Ի՞նչ կարգի աշխարհաքաղաքական փոփոխությունների կարող են բերել անվտանգային սպառնալիքները Հայաստանի Հանրապետությունում: Կա երեք անվտանգային բաղադրիչ՝ սեփական Զինված ուժերը, բանակը: Երկրորդը՝ Հայաստանի համար ՀԱՊԿ-ն է և երրորդը երկկողմ հարաբերություններն են Ռուսաստանի հետ»,-այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը: Չի արվել գրեթե ոչինչ, ինչը կբարձրացներ բանակի մարտունակությունը և կվերականգներ սպառազինությունը:

«Անցած տարվա նոյեմբերի Սիսիանի դեպքերը վառ ապացույց են, իսկ վերջերս այդ 300-400 դոլարանոց լրտեսների բացահայտումները խոսում է Զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի մասին: Դատախազների թոշակ են բարձրացնում, բայց մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելն այսօր շատ ավելի կարևոր է»,-ասաց նախագահ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չի կարծում, թե որևէ գիտակից մարդ կարող է մտածել, որ Հայստանի վրա կարող է հարձակում լինեն Իրանի և Վրաստանի կողմից: Հայաստանի համար լրջագույն սպառնալիք են Ադրբեջանը և Թուրքիան:

«Կա փաստ, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները (բացի Ռուսաստանից) Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ, շատ ավելի ծավալուն հարաբերություններ, բոլոր ոլորտներում: Նաև անձնական շփումների մակարդակով, այդ երկրների ղեկավարները ջեր հարաբերությունների մեջ են Ալիևի հետ: Հետևաբար, մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեզ վրա այդ հարձակմանը՝ կլիներ միամտություն, դա բացառվում է; ՀԱՊԿ-ը աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են: Սա փաստ է, որի հետ պետք է համակերպվել: Մնա՞լ, թե ոչ, իհարկե մնալ, նախ՝ չկա այլ կառույց, որը կփոխարինի ՀԱՊԿ-ին և երկրորդը՝ կան բազմաթիվ պայմնագրեր, որոնց շրջանակներում մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում ինչ-որ չափով կարգավորվում է: Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել, բացի հայտարարություններից այստեղ ոչինչ չի լինելու»,-ասաց նա:

Քոչարյանի կարծիքով՝ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններն են այն գործոնները, որոնք անվտանգության հարցում գործում են Հայաստանում:

«Այս պատերազմը բացահայտեց որոշ պրոբլեմներ: Առաջինը՝ Ռուսաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց ՌԴ-ի միջամտության և օժանդակության որոշակի լիմիտներ: Մինչ այսօր պատասխան չկա, թե ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր ռազմական բեռնափոխադրումների համար: Պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդային տարածքը ևս փակ էր: Մինչ այսօր պատասխաններ չկա, թե ինչո՞ւ: Այս գործոնները շեշտակի ազդեցություն ունեցան պատերազմի ընթացքի վրա: Պրոբլեմներից մեկն էր՝ Թուրքիայի ազդեցության աճը՝ տարածաշրջանում: Այս բաղադրիչները, եթե մեկ կոնտեքստում նայենք՝ պատկերը տխուր է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Աղբյուր՝ iravaban.net