Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ հայտարարությունն ընդունվեց միաձայն. տեսանյութ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը այսօր՝ փետրվարի 18-ին, ընդունեց հայտարարության նախագիծ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: 

Ընթերցելով հայտարարության տեքստը՝ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը մասնավորապես ասաց. «1988թ. փետրվարյան օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հիմնովին փոխեցին ոչ միայն այստեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլև նախկին Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետագա տարեգրությունը: Տասնյակ հազարավոր մարդիկ, օգտագործելով ԽՍՀՄ-ում հռչակված ազատական ու ժողովրդավարական գաղափարները, Ստեփանակերտում և մարզի այլ բնակավայրերում խաղաղ հանրահավաքների միջոցով ձգտում էին վերականգնել պատմական արդարությունը՝ հայկական մարզը Հայաստանին վերամիավորելու մի քանի սերունդների չիրականացված երազանքը»:

Շարժումը, ինչպես նշված է հայտարարության տեքստում, որդեգրեց իրավական ու խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու վարքագիծ, ինչը աներկբա հաստատում ստացավ փետրվարի 20-ին. «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից հանելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին ընդունված պատմական որոշումը ազդարարեց Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նոր փուլը: Ցավոք, Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությունը ունակ չեղավ օգտագործելու խնդիրը ճիշտ հանգուցալուծելու բացառիկ շանսը, և արդյունքում տարածաշրջանը հայտնվեց տևական անկայունության և Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր գայթակղությունների ցանցում»:

«Երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը արտահայտող փետրվարի 20-ի որոշման արդյունքում Արցախը իրավամբ դարձավ համայն հայության հպարտության և ազգային զարթոնքի խորհրդանիշ»,- գրված է հայտարարության տեքստում, որում հիշատակվում է նաև, թե ինչ թանկ գին է վճարել հայ ժողովուրդը Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում՝ 1991-94 թվականների, 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմներում:

«Արցախի Հանրապետությունն այսօր կա և շարունակում է միջազգային ճանաչման հասնելու իր պայքարը հենց այդ քաջազունների անձնազոհության շնորհիվ»,- ընդգծում է Արցախի ԱԺ-ն և վերահաստատում իր հավատարմությունը 1988թ. փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությունը՝ իր սկսած ազատագրական պայքարը վերջնական նպատակին հասցնելու: 

Արցախի ԱԺ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը սկսելու համար:

Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ հայտարարության նախագիծն ընդունվեց միաձայն: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: