Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արձանագրում ենք, որ առնվազն պետական սիմվոլիկայի մասով միասնական ենք. «ՀՀ դրոշի մասին» ընդդիմության օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն

Այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում միաձայն ընդունվեց «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում ու փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ 

Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։

Ներկայացնելով նախագիծը՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները, տիրույթները, ինչպես նաև առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն և օրենքի մակարդակով կանոնակարգել պետական դրոշի գործածման կարգը պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն առնչվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ, հանրային վայրերին հարող շենքերի վրա։

Քվեարկությունից հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Մենք արձանագրում ենք, որ առնվազն պետական սիմվոլիկայի մասով մենք միասնական ենք։ Քվեարկությունը միաձայն էր, բոլորը կողմ են, դեմ, ձեռնպահ չկա»։

Նախագիծը կներկայացվի ԱԺ խորհրդին, որպեսզի ընդգրկվի գալիք լիագումար նիստերի օրակարգում։