Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարավային Կովկասում ԵԽ ներկայացուցիչը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է ստանա իր ամբողջական բանակցված լուծումը. Մարիա Կարապետյան

Այս օրերին Երևանը հյուրընկալել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: 

««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հանձնաժողովները չորսն են՝ քաղաքական, էներգետիկ, տնտեսական և սոցիալական:

Այսօր տեղի են ունենալու այդ չորս հանձնաժողովների նիստերը, իսկ երեկ տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Նա նշեց, որ քաղաքական նիստի օրակարգում ներառվել է հարց՝ խաղաղությունը Հարավային Կովկասում թեմայով: «Այս առավոտ քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը: Մեզ առցանց միացել էր Ադրբեջանից փորձագետ, իսկ սենյակում էր գտնվում Հայաստանի փորձագետը, որից հետո մտքերով փոխանակվեցին Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորները, ինչպես նաև մեր եվրոպացի գործընկերներն արտահայտեցին իրենց դիրքորոշումը: Մարիա Կալուրանդը, ով հանդիսանում է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը Հարավային Կովկասի համար, այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և ԼՂ հակամարտությունը պետք է ստանա իր ամբողջական բանակցված լուծումը»,- ընդգծեց պատգամավորը: