Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վեդիում ՔՊ հանրահավաքի ընթացքում մի խումբ անձինք հարձակվել և հարվածել են ՔՊ համակիրներից մեկին. միջադեպը կանխվել է ոստիկանության կողմից․ տեսանյութ

Վեդի խոշորացված համայնքում կիրակի օրը նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ Առաջադրվել է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Իմ հզոր համայնք»-ը։ 

Նախորդ՝ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում, բացի այս երկու ուժերից, առաջադրվել էր նաև «Հանրապետություն» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքում ուժերից ոչ մեկին չէր հաջողվել հավաքել ընտրողների ձայների կեսից ավելին, հետևաբար համայնքի ղեկավար կարող էր ընտրվել միայն կոալիցիայի արդյունքում։ Ուժերը, սակայն, կոնսենսուսի չեկան, և նշանակվեցին արտահերթ ընտրություններ։

Այսօր արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավն ամփոփում է հանրահավաքով։ Հանրահավաքը, սակայն, հարթ չանցավ։ Մինչ հանրահավաքի սկսվելը մի քանի սադրիչներ բախում հրահրեցին, որին միջամտեց ոստիկանությունը։ Տեղում գտնվող ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասաց, որ մյուս թիմից ինչ-որ մարդիկ պատվերներ են կատարում և սադրանքներ հրահրում. «Ուզում եմ  ասել, որ վեդեցիները իրենց համար հարստացման մատերիալ չեն, և վստահ եմ, որ կիրակի օրը մերժելու են ոչ մարդկային այս տեսակին»։

Ռուստամ Բաքոյանն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, որ մրցակից թիմից փորձում են սադրանքների դիմել։ «Մի խմբով հարձակվեցին մեր թիմակիցներից մեկի վրա և և հարվածներ էին հասցնում։ Ոստիկանությունը միջամտեց, հուսով եմ՝ նրանց բերման են ենթարկել»,- ասաց Բաքոյանը։