Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ն Աբովյանի շուրջ 10 տեղամասերում վերահաշվարկ կատարելու դիմում է ներկայացրել ԿԸՀ

ՔՊ-ն Աբովյանի շուրջ 10 տեղամասերում վերահաշվարկ կատարելու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Քաղաքականություն
19:37, 06 декабрь 2021
Ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները։ Արդեն պարզ են նախնական արդյունքները։ Աբովյան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան», «Հայ Հեղափոխական դաշնակցություն», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, ձայները նախնական հաշվարկով բաշխվել են հետևյալ կերպ՝ ԲՀԿ-10,403 քվե կամ 46,19%, ՀՅԴ-1158 քվե կամ 5,14%, Հանրապետություն-2696 քվե կամ 11,97%, ՔՊ- 8261 քվե կամ 36,68%։ 

Այսպիսով, ըստ նախնական արդյունքների, ուժերից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, հետևաբար համայնքի ղեկավար պետք է ընտրվի կոալիցիա կազմելու միջոցով։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի շտաբից Civic.am-ին փոխանցեցին, որ մոտ 10 տեղամասերում վերահաշվարկ կատարելու դիմում են ներկայացրել ԿԸՀ։

Թվերի այս դասավորության պարագայում ԲՀԿ և ՀՅԴ հնարավոր կոալիցիան հնարավորություն կտա ընդդիմությանը համայնքի ղեկավար նշանակել, սակայն վերահաշվարկից հետո հավանաբար իշխող ուժը հույս ունի, որ այս թվերը կփոխվեն, և հնարավորություն կունենա «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա կազմելով համայնքի ղեկավար նշանակել։ 

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել տարբեր ուժերի հետ՝ բացառությամբ ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանին աջակցող ուժերի։ «Մենք դեռ վաղուց ասել ենք, որ բոլոր մասնակից ուժերի հետ կունենանք քննարկումներ, իհարկե կան բացառություններ՝ Դաշնակցության և Քոչարյանի աջակից ոչ մի ուժի հետ չենք բանակցի»,- ArmDaily-ին ասել էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը։
 
Վովա Հակոբյան