Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վեդիում վիճաբանության մասնակից 5 անձ բերման է ենթարկվել․ նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք․ ոստիկանություն

Վեդիում վիճաբանության մասնակից 5 անձ բերման է ենթարկվել․ նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք․ ոստիկանություն
Հասարակություն
15:49, 25 март 2022
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքի ընթացքում մի քանի սադրիչներ բախում էին հրահրել, որին միջամտել էր ոստիկանությունը։ Տեղում գտնվող ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնել էր, որ մյուս թիմից ինչ-որ մարդիկ պատվերներ են կատարում և սադրանքներ հրահրում. «Ուզում եմ  ասել, որ վեդեցիները իրենց համար հարստացման մատերիալ  չեն, և վստահ եմ, որ կիրակի օրը մերժելու են ոչ մարդկային այս տեսակին», - նշել էր պատգամավորը եւ հավելել, որ սա առաջին դեպքը չէ, որ մրցակից թիմից փորձում են սադրանքների դիմել։ 

ՀՀ ոստիկանությունից Civic.am-ին հայտնեցին, որ միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում․ «Ժամը 12։30-ի սահմաններում Վեդի քաղաքի մշակույթի տան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ մի քանի անձ վիճաբանում են, քաշքշում եւ հարվածներ հասցնում իրար։ Հինգ անձ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ Պարզվել է, որ կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք։ Այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում»։