Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհրաժեշտ է կառուցողական կերպով վերսկսել խաղաղ բանակցությունները․ իտալացի պատգամավորը անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին

Անհրաժեշտ է կառուցողական կերպով վերսկսել խաղաղ բանակցությունները․ իտալացի պատգամավորը անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին
Քաղաքականություն
21:31, 31 март 2022
Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը գազից զրկելու հանգամանքին, եռակողմ հայտարարության խախտմանը, կոչ արել վերսկսել խաղաղ բանակցությունները ԼՂ հարցով: 

Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

Չենտեմերոն տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի խախտման դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և վիրավորների։

«Ներկայումս կանգնած ենք շատ ծանր հումանիտար ճգնաժամի առաջ, որից լրջորեն տուժում է գազ մատակարարող միակ խողովակաշարի վնասման պատճառով մոտ մեկ ամիս առանց բնական գազի մնացած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Անհրաժեշտ է կառուցողական կերպով վերսկսել խաղաղ բանակցությունները և հրաժարվել բռնության ուղուց»,-շեշտել է Իտալիայի պատգամավորների պալատի անդամը:
Նա իր «Թվիթեր»-ի էջում գրառմամբ ևս կոչ է արել բռնությունը դադարեցնել, վերսկսել խաղաղ բանակցությունները: 
Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով։ Օրեր անց գազամատակարարումը վերականգնվեց, սակայն մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել էին Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ Արցախի իշխանությունները հայտարարություն տարածեցին այն մասին, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: Մարտի 28-ից Արցախում գազամատակարարումը վերականգնվել է: