Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական կուսակցությունների համար ընտրություններին չմասնակցելը ինքնասպանություն կլինի. Գոռ Մադոյան

Civic.am-ի հյուրն է վերլուծաբան Գոռ Մադոյանը

«Երկրում միանշանակ կա քաղաքական ճգնաժամ և արտահերթ ընտրությունները ինչ-որ չափով կհանգուցալուծեն ստեղծված ճգնաժամը»,- Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ներկայացնելով ասաց Մադոյանը՝ միաժամանակ նշելով, որ որոշ ուժերի կողմից հնչող այն պնդումները, թե ընտրությունները կեղծվելու են՝ դեռևս չգործած արարքների համար հնչեցվող մեղադրանքներ են:

«Այսինքն՝ այդ ուժերը հող են նախապատրաստում ընտրությունների արդյունքները վիճարկելու համար այն դեպքում, եթե չստանան իրենց պատկերացրած չափով քվեները»,- ասաց վերլուծաբանը:

Նոր ստեղծվող կուսակցություններին անդրադառնալով Մադոյանն ասաց, որ չի կարծում, թե իրենց կհաջողվի ստանալ այն քաղաքացիների ձայները, որոնք կա՛մ դեռ չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու, կա՛մ հիասթափվել են քաղաքական բոլոր ուժերից։

Գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացումը, ըստ Մադոյանի, ավելի շատ չի նպաստի օլիգարխիայի ներկայացվածությանը ԱԺ-ում, այլ կլինի այնպես, ինչպես եղել է 2017 թվականին, 2018-ին և դրանից առաջ։

Նոր Ընտրական օրենսգիրքը, ըստ վերլուծաբանի, որոշ չափով կարող էր թեթևացնել այդ իրավիճակը, բայց դա էլ «ունիվերսալ բալասան չի»։

«Համամասնական ընտրակարգը կարող էր հնարավորությունների պատուհան բացել բովանդակային բանավեճերի համար, սակայն կլիներ, թե՝ չէ, ես կասկածում եմ», - ասաց Մադոյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին՝ Մադոյանը դրանք բնութագրեց որպես «ոխերիմ դաշնակիցների» հարաբերություններ. «Իրենք սիտուատիվ դաշնակիցներ են կոնկրետ ռեգիոններում և սիտուատիվ հակառակորդներ՝ այլ ռեգիոններում, և դրանք իրար չեն հակասում, որովհետև իրենք էկզիստենցիալ թշնամիներ չեն»։

Տարածաշրջանում հնարավոր նոր պատերազմի հավանականության առնչությամբ Մադոյանն ասաց, որ այդ հարցը միանշանակ պատասխան չունի. «Գոնե այն գործընթացները, որոնք տեղի են ունենում թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում, թե՛ նաև Թուրքիայում և Ռուսաստանում՝ չեն խոսում ուղիղ առճակատման հնարավորության մասին։ Գուցե լինեն ինչ-որ հիբրիդային բախումներ, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը կարող են ինչ-որ լոկալ հակամարտության մեջ մտնել, բայց ուղիղ հակամարտություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև նույնիսկ Խորհրդային շրջանում, նունիսկ Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ չի եղել»։

Ներկա պահին, ըստ Մադոյանի, ամեն դեպքում թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես այդ հակասությունը ոչ մի կերպ չի նշմարվում։ Ավելին, միլիարդավոր դոլարների ծրագրեր են իրականացվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև և այս ամենը չի խոսում ուղիղ և նույնիսկ հիբրիդային պատերազմի մասին։ 

«Չեմ կարծում, թե հակաթուրքական ալյանսներին միանալը կարող է դիվանագիտական, քաղաքական կամ տնտեսական հաջողություններ ընձեռել Հայաստանին», - նշեց Մադոյանը։

Բացի այդ, ըստ Մադոյանի, Հայաստանը չունի այն կշիռը, որ կարողանա միանալ հակաթուրքական ալյանսներին, որովհետև Թուրքիան, վերջիվերջո, մեր հարևանն է, և մեր ներկայիս իրավիճակը չի խոսում այն մասին, որ մենք պետք է սրենք հարաբերությունները Թուրքիայի հետ, փաստացի նաև Ադրբեջանի հետ, որի հետ մենք ունենք առկախված պատերազմ, բազմաթիվ խնդիրներ։

«Հակաթուրքական ալյանսներին միանալը, այդ առումով, ըստ էության, ներկա իրավիճակում քաղաքական ինքնասպանություն կլինի Հայաստանի համար», - նշեց Մադոյանը և ավելացրեց, որ Թուրքիայի հետ պետք է սկսել ուղիղ երկխոսություն։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Վովա Հակոբյան