Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտահերթի շուրջ համաձայնությունը երաշխիք չէ, որ կհաղթահարենք քաղաքական ճգնաժամը. Հայկ Սահակյան

«Քաղաքացու Որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը, որն այսօր Civic.am-ի հյուրն էր, նշեց, որ իրենք ողջունում են արտահերթ ընտրություններ անցկացնելու խորհրդարանական ուժերի համաձայնության գալը, ինչը, սակայն, երաշխիք չէ, որ մենք կհաղթահարենք քաղաքական ճգնաժամը, որովհետև կան ուժեր, որոնք մինչև ընտրությունները հայտարարում են, որ դրանք կեղծվելու են։

«Այն հանգամանքը, որ որոշ ուժեր շահարկելու են ընտրությունների կեղծ լինելը, դա արդեն իսկ ենթադրում է, որ հետընտրական զարգացումներ են լինելու, և Բաղրամյանը շարունակելու է փակ մնալ, ինչը բերելու է ճգնաժամի շահարկմանը»,- ասաց Հայկ Սահակյանը։ 

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին և մասնավորապես ռեյտինգային ընտրակարգին, Սահակյանը բերեց Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակցի օրինակը՝ նշելով, որ ոչ մեկը չգիտի, թե վերջինս քաղաքական ինչ հայացքներ ունի, սակայն պատգամավոր է։ «Գագիկ Ծառուկյանի ախռանիկը պատգամավոր է, և կարող է ոչ մի քաղաքական հայացք չունենալ, բայց որոշումներ է կայացնում իմ և ձեր փոխարեն», - ասաց Սահակյանը։

Հայկ Սահակյանն ասաց, որ «Քաղաքացու Որոշումը» դեռ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։ Դաշինքով մասնակցելու հնարավորությանն  անդրադառնալով, Սահակյանն ասաց, որ քիչ հավանական է համարում դա, քանի որ դաշինք պետք է կազմել ընդհանուր ծրագրերի ու գաղափարների շուրջ, իսկ սոցիալ-դեմոկրատական ուղղվածության ուժերից մեկը «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» է։

«Ես չեմ կարծում, թե մենք կարող ենք առաջիկայում Դաշնակցության հետ դաշինք կազմել։ Մենք տարբեր ճամբարներում ենք գտնվում»,- ասաց Սահակյանն, ապա ավելացրեց․ «ինչո՞ւ, որովհետև ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն այն մերժված կուսակցություններն են, որոնց մենք մերժել ենք։ Մենք մերժել ենք իրենց գործելաոճը, այն ամենը, ինչ արել են վերջին տարիներին»։

Հայկ Սահակյանն ասաց, որ ինքը մեծավմասամբ կողմ է առաջարկվող Ընտրական օրենսգրքին՝ հատկապես համամասնական դրույթին։ «Քաղաքացու Որոշում»-ը իր տեսակետները, կարծիքները հայտնել է Ընտրական նոր օրենսգրքի կազմման գործընթացում, սակայն, ըստ Սահակյանի, իրենց առաջարկները չեն ընդունվել։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան