Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ԸՕ-ն չփոխվի, հունիսի 20-ից հետո քաղաքական պատկերը էականորեն չի տարբերվի նրանից, ինչ որ ունենք այսօր․ քաղաքագետ

Եթե ԸՕ-ն չփոխվի, հունիսի 20-ից հետո քաղաքական պատկերը էականորեն չի տարբերվի  նրանից, ինչ որ ունենք այսօր․ քաղաքագետ
Քաղաքականություն
17:36, 18 март 2021
Հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին այսօր հայտնեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կայացած հանդիպումից հետո: «Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս նշել է, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, իրենց համար ընդունելի է։

Թե ինչպիսին կլինի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկապնակը, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով, կախված է բացառապես այն հանգամանքից, թե արդյոք ընտրական նոր օրենսգիրքը կընդունվի, թե ընտրությունները ամեն դեպքում կկազմակերպվեն գործողով օրենսգրքով.«Եթե հունիսի 20-ին են ընտրությունները, կարծում եմ ժամանակ ունի իշխող կուսակցությունը որպեսզի փոխի ընտրական օրենսգիրքը։ ՀՀ քաղաքացու շահերից է բխում ԸՕ-ի փոփոխությունը։ Բայց եթե ԸՕ-ն չփոխվի, ապա հունիսի 20-ին քաղաքական պատկերը էականորեն չի տարբերվի  նրանից, ինչ որ ունենք այսօր և ունեցել ենք վերջին ժամանակները»։

Քաղաքագետի խոսքով՝ ԸՕ-ի չփոխվելու պարագայում մրցակցությունը կգնա սև-սպիտակի տրամաբանության մեջ։ «Իշխանությունը կփորձի իր ընտրազանգվածին մոտիվացնել նախկինների վերադարձը թույլ չտալու տրամաբանության մեջ, իսկ հակառակ կողմում գործող մարգինալ ուժերն էլ կփորձեն հայտարարել, որ  իշխանությունը դավաճան է և պետք է  քվեարկել ընդդեմ դավաճանի։ Որոշ քաղաքական ուժեր էլ կփորձեն այս դիսկուրսից դուրս օրակարգ բերել իրենց  հարցերը, բայց գործող ընտրական օրենգրքի պայմաններում դա մեծ նշանակություն չի ունենալու»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե ընտրական օրենգիրքը փոխվի, ապա ավելի մեծ կլինի հնարավորությունը, որ ավելի ռացիոնալ, գաղափարական դիսկուրս ծավալվի և հնարավոր դառնա ընտրությունների արդյունքում իրական քաղաքական հարաբերակցություն ստանալ։

Իշխանությունից դեռ չեն մեկնաբանում՝ կհասցնե՞ն ընդունել ընտրական նոր օրենսգիրքը, թե որոշում կա ընտրությունների գնալ գործող օրենսգրքով։ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չեն քննարկել այդ հարցը։ Տեսականորեն կհասցնեն ընդունել ընտրական օրենսգիրքը, բայց թե որքանով կհասցնեն դա դարձնել որպես կիրառության փաստաթուղթ, դեռ պարզ չէ.«Այս հարցը  քաղաքական կոնսուլտացիաների հարց էր, քննարկվում էր, հիմա ժամկետ կա արդեն հրապարակված և ես որևէ հստակ բան չեմ կարող ասել»,-ասաց պատգամավորը։

Մեր հարցին՝ իշխանության ներսում քննարկվո՞ւմ է գործող օրենսգրքով ընտրությունների գնալու տարբերակը, պատգամավորը պատասխանեց. «Երբ վարչապետը հրապարակեց ճանապարհային քարտեզը, իսկ Իմ քայլը՝  ընտրական օրենսգրքի նախագիծը, դա արդեն նշանակում է, որ մեզ համար կարևորություն ունի ԸՕ-ի փոփոխությունն ու նոր ԸՕ-ով ավելի ազատական կանոնների սահմանումը։ Բայց մյուս կողմից էլ մենք պետք է հաշվի առնենք, որ արտահերթ ընտրությունները իշխանությունը ինքնանպատակ չի անում, հետևաբար ընտրությունների պարագայում պետք է նաև քաղաքական ուժերի կարծիքը լսել։ Երբևէ չի խրախուսվի այնպիսի ընտրությունը, որը իշխանությունը միանձնյա անելու է ինքն իր համար։ Մեզ համար կարևոր է, որ արտահերթ ընտրությունների հարցում պառլամենտական խմբակցությունները ունենան  համախոհություն։ Համախոհություն՝ արտահերթի գնալու, գնալու ժամկետների և  համախոհություն, թե ինչ ընտրական օրենսգրքով ենք գնում»,-ընդգծեց Տիգրանյանը։ 

Նկատենք, սակայն, որ Հայաստանում ներկայումս ռազմական դրություն է, որի պայմաններում ընտրություններ չեն կարող անցկացվել։ Մի քանի օր առաջ էլ՝ մարտի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կրկին մերժեց ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի՝ ռազմական դրությունը չեղարկելու  նախագիծը։ 

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տերիքնազ Տիգրանյանը Civiс.am-ին ասաց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից նախագծի մերժումից հետո առաջիկա շաբաթվա ընթացքում  պետք է լինի կարգավորում կառավարության կողմից, ինչը նշանակում է, որ եթե կառավարությունը գնահատի, որ  այն ռիսկերը, վտանգները, որի համար հայտարարված էր ռազմական դրություն, վերացել են, ապա կգնան ռամական դրությունը հանելու ճանապարհով։  
Արփի Հարությունյան