Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող լինել ընդունելի ՀՀ համար. Էդուարդ Աղաջանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու հնարավորության մասին հարցին։

«Ես ուզում եմ՝ մեկընդմիշտ փորձենք այս թեման փակել։ Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ՝ դա պետք է որ ընդունելի լինի բոլորի համար, առաջին հերթին՝ արցախցիների համար։ Եթե պայմանն այն է, որ արցախցիների համար դա ընդունելի է, ենթադրում եմ, որ ՀՀ քաղաքացիների ու Հայաստանի համար դա ևս ընդունելի է։ Խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, որի առկայության պայմաններում ենթադրվում է, որ արցախցիները չեն ուզենա լքել Արցախը, հակառակ պարագայում այն լուծումը, որը կառաջարկվի, բնականաբար, չի լինի ՀՀ շահերին համապատասխան, ոչ էլ արցախցիների։ Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող լինել ընդունելի ՀՀ համար»,- ասաց նա։