Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղությունը պետք է լինի պատվավոր. առանց Արցախի Ադրբեջանի հետ նման պայմանագիր չի կարող կնքվել

Խաղաղությունը պետք է լինի պատվավոր. առանց Արցախի Ադրբեջանի հետ նման պայմանագիր չի կարող կնքվել
Միջազգային
16:52, 19 апрель 2021
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է եղել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, այս օրերին ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի հետ նոր պայմանագրի կնքման հնարավորության հարցը։ Նշվում է, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը միջանկյալ է և անհրաժեշտ  է նոր՝ խաղաղության համաձայնագիր։ Դուք նման պայմանագրի կնքումը հնարավոր համարո՞ւմ եք։

– Բնականաբար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  համապարփակ կարգավորման կարևորագույն  բաղադրիչներից է լինելու Ադրբեջանի և Արցախի միջև համապատասխան պայմանագրի կնքումն ու վավերացումը։ Այդ պայմանագիրը պետք է լինի համապարփակ՝ իր մեջ ընդգրկի  սահմանների  հարցը, կարգավիճակի հարցը,  երկու երկրների՝ միմյանց ճանաչելու հարցը։

Պետք է նաև իրատես լինել, հասկանալ, որ առավել ևս ներկա պայմաններում դա շատ բարդ գործընթաց է, ժամանակատար։ Մենք տեսնում ենք նաև, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը, որևէ կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերում, տեսնում ենք, թե ինչպիսի վայրագություններ է անում Շուշիում, քանդում ու ոչնչացնում ամեն ինչ, հայկական մշակութային ժառանգությունն են ավերում, իրականացնում մշակութային ցեղասպանություն։ Այս ամենը պետք է հաշվի առնենք, նաև՝ հայատյացությունը, Բաքվում տարբեր պուրակների բացումը։ Ակնկալել, որ  տեսանելի ապագայում իրատեսական է խաղաղության պայմանագրի կնքումը՝ ճիշտ չի լինի։ Բայց իհարկե համապարփակ կարգավորման կարևորագույն տարրերից է նաև այդպիսի պայմանագրի կնքումը։

– Այսինքն՝ մեծ հաշվով, ամեն ինչ կախված է Բաքվի քաղաքականությունից, և այս պահին Դուք նման մոտեցում իրենց կողմից չեք տեսնում։

– Իհարկե, չենք տեսնում։ Կրկնում եմ՝ դա պետք է լինի միջազգային պայմանագիր, պետք է ստորագրողների մեջ լինեն Ադրբեջանը, Արցախը, Հայաստանը, համանախագահները։ Դրանից հետո լինեն միգուցե երկկողմ պայմանագրեր՝ այդ համապարփակ պայմանագրից բխող այլ դրույթների փիլիսոփայության ներքո։ Մենք խոսում ենք իդեալական տարբերակի մասին, այնպիսի տարբերակի, որը պետք է որ լինի։ Առանց դրա կարգավորում չի լինում։ Բայց հասկանալի է նաև, որ իրավիճակն էլ պետք է ճիշտ պատկերացնենք։

– Իսկ Արցախում հասարակության տրամադրություններն ինչպիսի՞ն են, արդյոք պատերազմից հետո մարդիկ հնարավո՞ր են համարում նման պայմանագրի կնքումը։

– Նախ ասեմ հետևյալը. խաղաղությունը պետք է լինի պատվավոր։ Չի կարող  լինել նվաստացուցիչ խաղաղություն։ Իսկ որպեսզի լինի պատվավոր, պետք է լինեն այնպիսի դրույթներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության համար։ Այդ թվում նաև այնպիսի դրույթներ, որոնք ընդունելի կլինեն Արցախի ժողովրդի, Արցախի պետականության համար։ Այս  պահի դրությամբ մենք ունենք բազմաթիվ հարցեր, ծանր խնդիրներ, որոնց լուծումը տեսանելի չէ։ Շատ բարդ գործընթաց է։

– Բացառո՞ւմ եք, որ առանց Արցախի, Արցախի թիկունքում հնարավոր է  նման համաձայնագիր կնքվի։

– Առանց Արցախի ինչպե՞ս կարող է նման համաձայնություն լինել։ Ես դա պարզապես չեմ պատկերացնում։