Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ նախագահը և ԱԳ նախարարը քննարկել են երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արցախի ԱԺ նախագահը և ԱԳ նախարարը քննարկել են երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
Քաղաքականություն
20:00, 30 март 2021
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը մարտի 30-ին արտգործնախարարությունում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից, անդրադառնալով վերջերս ադրբեջանցիների կողմից քաղաքացիական ավտոմեքենաների քարկոծման դեպքերին՝ Արթուր Թովմասյանն ընդգծել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Կարևորվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցերի բարձրաձայնումը: Կողմերը քննարկել են երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Այդ համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման, ինչպես նաև տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը։

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում արտաքին ճակատում հաջողությունների հասնելու համար պետք է օգտագործվեն բոլոր ներքին ռեսուրսները, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտությունը։