Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը չպետք է ներքաղաքական նպատակներով մանրադրամի վերածի ցեղասպանության հարցը․ մշակութաբան

Ընդդիմությունը չպետք է ներքաղաքական նպատակներով մանրադրամի վերածի ցեղասպանության հարցը․ մշակութաբան
Քաղաքականություն
18:30, 22 апрель 2022
Ակնհայտ է՝ խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքը, քաղաքական պայքարի մեթոդների առումով այլևս սնանկ է, այդ պատճառով էլ  որոշել է  ներքաղաքական շահերի սպասարկման համար «մատաղ անել» մինչև իսկ  սրբություն սրբոցը ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհուրդը։ 
 
Հիշյալ դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն, ինչպես հայտնի է, ամեն տարի ջահերով երթ է կազմակերում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում է, որին, սակայն, այս տարի հիշյալ դաշինքը որոշել է այլ՝ քաղաքական  կոնտեքստ հաղորդել՝ իշխանությունների հասցեին պարսավանքի հերթական դոզան  ներարկելու, «Հայաստանի թուրքացմանն ու Արցախի հայաթափմանը» «ոչ» ասելու համար։ Դաշինքը երթի մասին հայտարարության մեջ կոչ է անում ապրիլի 23-ին լինել Հանրապետության հրապարակում, «միանալ ջահակիր երիտասարդությանը, միանալ պայքարին՝ ընդդեմ նվաստացման, պարտության, հայրենազրկման կործանարար քաղաքականության»։ Երթին մասնակցելու է նաև հիշյալ դաշինքի փաստացի ղեկավար, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  

Նկատենք, որ ընդդիմության այս գործելաճը սոցցանցերում անողոք քննադատության է արժանացել, օգտատերերն այն  «զոհերին հիշատակի անարգանք» և  «սրբապղծություն» են որակել։ «Իշխանությունը զավթելու անկուշտ ցանկությունը իրականացնելու ճանապարհին նրանք պատրաստ են պղծել յուրաքաչյուր սրբություն՝ Եռաբլուրից մինչև Ծիծեռնակաբերդ»,-գրել է հետևորդների մեծ բանակ ունեցող օգտատերերից մեկը։ 

Թեմայի շուրջ  civic.am-ը զրուցել է մշակութային մարդաբան, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու  Աղասի Թադևոսյանի հետ, որը նախ անդրադարձավ  երթին՝ որպես հանրային միջոցաման ձև։ «Ինքս նման միջոցառումը դրական չեմ գնահատել ընդհանրապես՝ սկսած իր ծագման շրջանից, երբ ՀՀ-ում սկսեցին կազմակերպել այդ երթը, զուտ այն պատճառով, որ դա բողոքի ակցիաների ու շարժումների վերաբերյալ միջազգային ընկալումների տեսանկյունից վաղուց կորցրել է իր դրական նշանային իմաստավորումը և ձեռք է բերել բացասական նշանակություն։ Շատ հաճախ դա ասոցացվում է ֆաշիստական երթերի և ծայրահեղական շարժումների հետ։ Այդ իսկ պատճաով չէի ցանկանա, որ ցեղասպանության նման կարևոր խնդիրը, որը լայն ու խորքային առումով կապվում է  մարդու իրավունքների հետ և  խտրականության, անհանդուրժողականության ու ատելության հենքի վրա մի ամբողջ ազգի սպանության, վերացման ակտ է,  մատուցվի  նման ձևաչափով, նման սխալ ուղերձով։  Այսինքն՝ որպես մշակութային մարդաբան, ես միշտ ջահերով երթը գնահատել եմ որպես բացասական նշանային իմաստավորում ունեցող երևույթ և կարծում եմ, որ այն պետք է պարզապես փոխել այլ տիպի միջոցառման։ Այն, որ պետք է  միջոցառումներ՝ տարատեսակ բողոքի ակցիաներ, երթեր  տեղի ունենան՝ լրացուցիչ անգամ աշխարհին ծանուցելու Հայոց ցեղասպանության մասին և ընդգծելու խնդրի կարևորությունը,  դա կասկածից վեր է։ Սակայն ոչ այս ձևաչափի մեջ»։  

Ա. Թադևոսյանն այնուհետ անդրադարձավ «Հայաստան» դաշինքի հայտարարությանը՝ նշելով, որ այն «շատ անհաջող քայլ է», որին ինքը  վատ է վերաբերվում։ «Եթե կա ընդդիմություն, որը ցանկանում է քաղաքական գործողություններ իրականացնել, ապա դրանք չպետք է ուղղված լինեն ցեղասպանության խնդիրը ներքաղաքական նպատակներով  խաղարկելուն՝ այսպիսով մանրադրամի վերածելով այսպիսի կարևոր հարցը,  այն  քաղաքական նեղմիտ ու մանր խնդիրներին ստորադասելով»։ 

Ինչ վերաբերում է հայտարարության կոչերին, մասնավորապես՝  «ոչ ասել ՀՀ-ի թուրքացմանն ու Արցախի հայաթափմանը», ապա մեր զրուցակիցն այդ կոչերը «իռացիոնալ և հասարակությանը մանիպուլացնելուն միտված»  որակեց։  

«Նման կոչերը  նպատակ ունեն ակտիվացնել հասարակության մեջ ցեղասպանության տրավմայի հետևանքով ձևավորված խմբային, կոլեկտիվ վախերը, ինչը քաղաքականություն ռեալիզացնելու տեսանկյունից շատ բացասական, մանիպուլյատիվ  երևույթ է։ Իմ մասնագիտական դիտարկմամբ՝ եթե մարդիկ, անկախ քաղաքական ուղղվածությունից,  փորձում են քաղաքական գործընթացներ իրականացնել, ապա  պետք է մեծ կարևորություն տան գործիքների ընտրությանը։  Պետք է այնպիսի գործիքներ կիրառվեն, որոնք կուղղվեն  հասարակությանը ճիշտ, առողջ  ուղղությամբ կողմնորոշելուն, ոչ թե ապակողմնորոշելուն, շփոթեցնելուն, մանիպուլացնելուն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ  ստեղծված բարդ իրավիճակում հասարակությանը ճիշտ կողմնորոշիչներ են հարկավոր, իսկ քաղաքական ուժերը պետք է ծառայեն  պետության ամրապնդմանը։  

«Իսկ նման թեզերը, որոնք հնչեցվում են ընդդիմության կողմից   մեր հարևանների հետ դիվանագիտական խնդիրները լուծելու, ռեգիոնում մեր անվտանգությունը ապահվելու կոնտեքստում չեն, ցավոք սրտի։ Եվ բացի դրանից՝ ընդդիմության այսօրվա գործելաոճը հուշում է, որ դեռևս փնտրտուքների մեջ է, ցավոք, չունի ստեղծագործական մոտեցում և օգտագործում է շատ հին, ոչ ստեղծագործ միջոցներ, որոնք հաջողություն չեն երաշխավորելու։  Անընդհատ  հինը կրկնելը, անընդհատ անցյալի միջոցները  ներկա բերելն ու դրանք գեներացնել փորձելը  խոսում է ընդդիմության տխուր ու լճացած  վիճակի մասին,  ընդդիմության լիդերների   բավականաչափ ստեղծագործականություն չունենալու մասին, որոնք, բնականաբար, ի վիճակի չեն նաև  քաղաքական  արդյունավետ և պետությունն այս խոցելի վիճակից հանելուն  ուղղված գործողությունների տեսլականներ մատուցել»,- եզրափակեց Ա. Թադևոսյանը։   

Հեղինե Մանուկյան