Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ին այս ընդդիմությունը պետք չէ, նրանց վրա այլեւս խաղադրույք չկա․ Ստյոպա Սաֆարյան

ՌԴ-ին այս ընդդիմությունը պետք չէ, նրանց վրա այլեւս խաղադրույք չկա․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
17:49, 28 апрель 2022
«Այս օրերին տեղի ունեցող փողոցային միջոցառումները քաղաքական օվկիանոսի երեսին մնալու փորձ են, ընդդիմությունն ուզում է ապացուցել, որ կտրուկ գործողությունների գնալու պատարաստ է, անում է ամեն ինչ, փողոցներում է։  

Կստացվի՝ լավ, չի ստացվի,  բնականաբար, իրենք կարող են մեղքը բարդել այն մարդկանց վրա,  ովքեր պահանջում էին  կտրուկ գործողություններ, բայց չմիացան»,- Civic․am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ընդդիմության կազմակերպած ակցիաների նպատակը իրոք հայրենիքի փրկությո՞ւնն է, թե՞ իշխանափոխությունը,  կարծիք հայտնեց  քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր  Ստյոպա Սաֆարյանը։

Նա նաեւ հավելեց․  «Շատ կարեւոր է իսկապես հասկանալ, թե ինչ է ուզում խորհրդարանական ընդդիմությունը եւ ինչու է այս ամենը տեղի ունենում։ Հիշենք պատերազմից հետո նախ փողոցով իշխանությունը տապալելու ձախողված փորձերը, ապա նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որտեղ նրանք, ըստ էության, ամրագրեցին իրենց տապալումը։ Եւ, որքան էլ հասարակության մեջ կային դժգություններ իշխանության նկատմամբ, շատ հետաքրքիր էր, որ  քվերակությունը վերածվեց նախկինների վերադարձը բացառելու քվեարկության։

Դրանից հետո տեղի ունեցավ մի բան․ տրոհվեց խորհրդարանական ընդդիմության՝ նախկինում հավաքագրված բազան, եւ սկսեցին  խորհրդարան չանցած որոշ ուժեր նշել, թե խորհրդարան անցածներն  իրենց կոմֆորտի զոնայում են, պատգամավոր են, իշխանափոխության մասին մոռացել են, սկսեցին մեղադրել, թե իրենց նպատակը այլեւս իշխանափոխությունը չէ, նույնիսկ մանդատները վայր դնելու կոչեր հնչեցին  այնպես որ, այսօր տեղի ունեցող պրոցեսները  նաեւ այդպիսի մեղադրանքներին ի պատասխան գործողություններ են՝ հայրենիքի փրկության փաթեթավորմամբ»։  Հաջորդ դրդապատճառը, ըստ Սաֆարյանի,  Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններն են եւ տեղի ունեցող ակտիվությունը պետք է դիտակել «փշրված քաղաքական կապիտալը վերահավաքելու եւ դիրքավորվելու համատեքստում»։

«Դրա համար իրենք փորձում են ամուր դիրքավորվել, քանի որ իրենցից բացի այլ ուժեր կարող են հայտ ներկայացնել, պայքարել իշխանության համար։ Իրենք լավ հասկանում են, որ այն, ինչ խոստացել էին՝ մաշեցնել իշխանության քոքը, ըստ էության տեղի է ունենում իրենց հետ եւ կարող են դուրս մղվել՝ չունենալով շանս Երեւանի ընտրություններում տպավորիչ արդյունքներ գրանցելու, թեկուզ եւ՝ խմբակցություն ունենալու առումով։ Մեկ այլ դրդապատճառ էլ եմ նկատում՝ հենվելով վերջին  օրերին շրջանավող ինֆորմացիաների վրա։  Գաղտնիք չէ, որ ՌԴ-ն բավական բարեհաճ վերաբերմունք դրսեւորեց եւ, այսպես ասած, հոգաց Ռոբերտ Քոչարյանին խորհրդարան բերելու առումով։ Բայց կարծեք թե ՌՌ-ի կողմից առավելագույն աջակցություն սա էր եւ այսպիսով բոլոր հարցերը համարվում են փակված։ Հիմա ընդդիմությունը նկատում է, որ եթե ՌԴ նախագահը շարունակում է աշխատել Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հետ, ստորագրում է երեք կարեւորագույն փաստաթուղթ, այնուհետեւ վերջին՝ 30 կետանոց հայտարարությունը, սա նշանակում է, որ ըստ էության, ՌԴ-ին այս ընդդիմությունը պետք չէ, նրանց վրա այլեւս խաղադրույք չկա։ Եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի զայրացած արձագանքը, թե «Ռուսաստանն ով է, որ մեզ ասի», եւ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ ՌԴ մեկնելու եւ քաղաքական աջակցություն չստանալու մասին լուրը, որը օրերս տպագրվեց, թերեւս  ցույց են տալիս, որ այս ամենը  նպատակ ունի   իշխանության հայտ ներկայացնել, ցույց տալ, որ իրենք կան, գոյություն ունեն, որովհետեւ կարող են խաղադրույքներ փոխվել, դրվել այլ ուժերի վրա, ասենք՝  «Ապրելու երկիր»-ի  կամ որեւէ այլ նորահայտ ուժի վրա։ Եւ այս ագրեսիվությունը նրանից է, որ իրենք գիտակցում են, որ քաղաքական դերակատարության  դաշտից կարող են դուրս մղվել»։  Սաֆարյանը նշեց նաեւ, որ քաղաքական այս ակտիվությունը  կորելացվում  է այնպիսի զարգացումների հետ, ինչպես օրինակ  Արցախյան հարցի հետ կապված ՀՀ-ի եւ Արցախի միջեւ հակադիր հայտարարություններն են։  «Ակնհայտորեն Արցախը դիրքավորվեց, այսպես ասած,  անկարգավիճակ խաղաղապահությամբ մոդելի կողմը, մինչդեռ ՀՀ իշխանությունները դիրքավորվեցին համապարփակ լուծում գտնելու  տարբերակի ուղղությամբ։

Եւ ընդդիմությունը փորձում է այս ֆոնի վրա ինքնահաստատվել, ցույց տալ, որ ՌԴ-ին ամենահավատարիմն ինքն է, Արցախի հուսալի հենարանն ինքն է, ինքը փողոցում է եւ թույլ չի տա  իշխանություններին փոխել Արցախի խնդրի լուծման մոդելը, ուղղությունը, ներգրավել այլ խաղացողների եւ   այլն։ Սա, թերեւս ամենամտահոգիչ պահն է հենց Արցախի համար, քանի որ այն, ինչն Արցախին այսօր անհրաժեշտ է, դա կատարյալ եւ երաշխավորված խաղաղությունն է, կարգավիճակն է եւ դրա անշրջելիությունը, որպեսզի Ադրբեջանը նոր հավակնություներ չցուցաբերի։

Ուշադրություն դարձրեք նաեւ այն հանգամանքին, որ ընդդիմության  գործողությունները համընկան այն  իրողության հետ, երբ հայտնի դարձավ, որ  մինչեւ ապրիլի վերջ պետք է ձեւավորվի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովի կազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբում տեսանելի  զարգացումներ տեղի ունեցան, երբ խմբի անդամները, չհայտարարելով, որ նման խումբ այլեւս չկա, այնուամենայնիվ փորձեցին մեկուսացնել ՌԴ-ին եւ առաձնին նախաձեռնություններով հանդես գալ։  

Այս ամենի ֆոնին հարց է ծագում՝ փրկիչների խումբը, որը մասնավրապես Արցախի փրկության մասին է խոսում, սակայն այդ փրկության մասին որեւէ քաղաքական տեքստ չի արտաբերում՝ լուծումների առումով,  ինչու է ուզում  խաթարել հարաբերական անդորրը եւ այս կամ այն չափով կայունացած ներպետական իրավիճակը փորձում հանել տուրբուլենտության գոտի»։ 

Հարցին՝ արդյո՞ք ընդդիմությունը ինքնակամ է գործում, փողոցային պայքարը ինքնաբո՞ւխ է, թե՞այս ամենում կա արտաքին որեւէ կենտրոնի հովանավորությունը, ուղղորդումը՝  պարոն Սաֆարյանը պատասխանեց․ «Ընդդիմությունը, ինչպես արդեն ասացի, նախկինոում ՌԴ-ի աջակցությունը այլ կերպ էր մեկնաբանում, այժմ հասկանում են, որ ՌԴ-ն իրենց հետ, այսպես ասած, ավարտել է հաշիվները, իրենց բերել է խորհրդարան եւ կարծես թե ավարտվել է այսքանով ամեն բան։

Եւ եթե անգամ մենք խոսենք ՌԴ-ում ընդդիմության ունեցած որեւէ աջակցության մասին, ապա կարելի է ենթադրել, որ դա չափազանց ցածր մակարդակի աջակցություն է, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, 30 կետանոց հայտարարություն չեն ստորագրի մեկի հետ, որին պատրաստվում են փոխել,  բերել ուրիշին։ Իմիջիայլոց, իրենք շատ ուշադիր  կարդում են Պուտինի տեքստերը ու շատ լավ հասկանում են։ Հաշվի անենք նաեւ նախորդիվ ստորագրված փաստաթղթերը՝ նոյեմբերի 9-ի հայտարարություն եւ այլն։

ՌԴ-ն աշխատում է ա՛յս իշխանության հետ, որը ստորագրությունն է դրված փաստաթղթերի տակ,  եւ տեսնում է, որ իշխանությունն  ունի հանրային աջակցություն, հետեւապես, տեսանելի ապագայում հանրային աջակցություն վայելող իշխանությանը փոխելու շահագրգռություն չի ունենալու»։

Հեղինե Մանուկյան