Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորն ու Գյումրին մերժեցին «փրկչի» սքեմով նախկիններին․ 2018-ին մերժվածներին դո՞ւր է գալիս կրկին մերժվելը

Վանաձորն ու Գյումրին մերժեցին «փրկչի» սքեմով նախկիններին․ 2018-ին մերժվածներին դո՞ւր է գալիս կրկին մերժվելը
Քաղաքականություն
17:18, 08 май 2022
Արցախի փրկության անվան տակ իշխանության վերադառնալու փորձ անող նախկին իշխանյութան «Դիմադրություն» շարժումը վերջին օրերին կտրուկ մերժվում է Հայաստանի մարզերում․ երեկ «փրկիչներին» մերժեցին Վանաձորում, այսօր՝ Գյումրիում՝ ճանապարհ փակելով ու պահանջելով հեռանալ մարզից։ 

Ընդ որում, եթե Երևանում իրենց մերժող հայրենակիցներին Դիմադրության շարժման ներկայացուցիչները հիմնականում թուրք են անվանում ու հայհոյում կամ շիշ շպրտում նրանց ուղղությամբ, ապա մարզերում անմիջական ձեռնամարտի են բռնվում իրենց մերժող հանրության հետ՝ մարտեր առանց կանոնների ոճով։ 

Civic.am-ը արդեն հայտնել էր, որ թե՛ Վանաձորում, թե՛ Գյումրու ճանապարհին տեղի ունեցան բախումներ քաղաքացիների հետ, ում «փրկիչները» պատրաստվում են փրկել։ Վանաձորում ցուցարարները, ավտոմեքենայից դուրս գալով, փորձում էին հարձակվել և ծեծել իրենց մերժող վանաձորցիներին կամ մեքենայից թուրք, ժեխ անվանում ու վիրավորական այլ արտահայտություններ անում, իսկ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեքենայի միջից մատ էր թափ տալիս քաղաքացիների վրա՝ երևի թե կարծելով, թե հին ժամանակներում են և կարող են մարդկանց լռեցնել ծեծով կամ վախի մթնոլորտ ստեղծելով։ 

Այսօր՝ մայիսի 8-ին, ընդդիմությունը որոշել էր այցելել Շիրակի մարզ՝ Գյումրի քաղաք։ Սակայն մինչ ընդդիմությունը թանկարժեք մեքենաներից կազմված իր ավտոերթով կհասներ Գյումրի, Շիրակի մարզի Հոռոմի խաչմերուկում նրանց էին սպասում 44-օրյա պատերազմում գերեվարված զինծառայողների ծնողները, բայց՝ ոչ ողջունելու համար։ Գերեվարված տղաների ծնողներն ու հարազատները փակել էին դեպի Գյումրի տանող ճանապարհը և չէին թողնում, որ «փրկիչները» մտնեն քաղաք՝ պահանջելով Շիրակ չմտնել, մինչև ԱԺ-ում բազմած ընդդիմադիրները չլուծեն գերիների հարցը։
 
Իսկ «փրկիչ»-ցուցարարների կողմից հնչում էին բռնության սպառնալիքներ՝ ուղղված գերեվարվածների ծնողներին։ Օրինակ՝ երիտդաշնակցականը սպառնում էր գերու ծնողին, թե՝ վրովդ կքշեմ, կանցնեմ, նոր կիմանաս։ 

Միայն ոստիկանական ուժերի միջամտության շնորհիվ «Դիմադրության» շքեղ մեքենաների ավտոշարասյունը կարողացավ խույս տալ իրենց մերժող քաղաքացիների բարկությունից, որից հետո Գյումրիում իրենց իսկ հանրահավաքից ուշացած ընդդիմությանը սպասում էին սակավաթիվ ցուցարարներ՝ մոտ 150 հոգի, որոնցից մի մասը Երևանից էին ժամանել։ 

Շիրակի մարզում մերժված փրկիչները հեռացան Գյումրուց առանց այլ համայնքներ այցելելու։ Ընդդիմությունը փորձեց մեղավորությունը գցել ժամանակի վրա՝ ասելով, թե ժամանակը չի հերիքի, որ մյուս համայնքներ էլ այցելեն, սակայն ակնայտ է, որ պատճառը շիրակցիների «հյուրընկալությունն» էր՝ ավելի կոնկրետ՝ մերժումը։ Եվս մեկ անգամ բախվելով մերժված լինելու փաստին, փրկիչները վախեցան շարունակել համայնքներ այցելությունը, որպեսզի կրկին չհանդիպեն իրենց մերժող և չընդունող քաղաքացիներին։ 

Այսպիսով՝ 2018-ի համընդհանուր մերժման ճակատագրին չարժանալու համար «Դիմադրությունըօ պետք է հրաժարվի մարզային այցերից։ Հակառակ դեպքում՝ տպավորություն է, որ նրանց դուր է գալիս երիցս մերժվելու և խայտառակվելու հանգամանքը։