Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքե՞ր և ինչո՞ւ են փորձում ռադիկալացնել զոհվածների հարազատներին և օգտագործում իրենց քաղաքական խաղերում. տեսանյութ

Երեկ ձերբակալվել էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: 

Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում, չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասսայե շշով հարվածելով դեմքին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Պարզվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Նրանցից Մխիթար Գալեյանի հայրը և հորեղբայրը՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ձերբակալվել էին։ Օրվա վերջում Գարիկ Գալեյանը ազատ արձակվեց: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ եղբայրը՝ Արթուր Գալեյանը, ձերբակալվեց: Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Զոհվածների որոշ հարազատներ բողոքի ակցիա իրականացրին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ՝ ընդդեմ Գալեյանի ձերբակալման։ Որոշ հայտնի շրջանակներ էլ տարածում են այն քննիչի լուսանկարը, ով Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, և կոչ են անում հանրային պարսավանքի ենթարկել քննիչին։

Գալեյանի արարքը, սակայն, հստակ հանցակազմ է պարունակում, և վերջինս անցնում է քրեական գործով՝ անկախ նրանից, որ Գարիկ Գալեյանը պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայրն է։

Գարիկ Գալեյանը նախկինում ևս խնդիրներ է ունեցել օրենքի հետ՝ ծեծկռտուքի մասնակցելու համար Գալեյանը պատասխանատվության է ենթարկվել։ 

Ամիսներ առաջ էլ վերջինս զոհ ունեցող ևս երկու ծնողի լրագրողների հետ զրույցի ընթացքում սպառնալիքներ էր հնչեցնում, որ ստիպված կլինեն ահաբեկչության դիմել՝ մտնելով մանկապարտեզներ, դպրոցներ, կառավարական շենքեր…  

Ովքե՞ր և ինչո՞ւ են զոհվածների հարազատների շրջանում սերմանում ատելություն, խաղալով մարդկանց զգացմունքների և հույզերի վրա՝ դրդում ծայրահեղությունների, օգտագործում իրենց քաղաքական խաղերում։ Հարկ է հիշել նաև, որ վերջերս Եռաբլուրում զոհերի որոշ հարազատներ երդվեցին հեռացնել գործող իշխանություններին։

Հետևելով այս օրերին երկրում տիրող իրավիճակին՝ հասկանալի է դառնում, թե որ շրջանակներն են փորձում ռադիկալացնել զոհերի հարազատներին, դրդել վերջիններիս հանցանքների և կրակից շագանակներ հանելու զոհերի հարազատների ձեռքերով։ 

Նմանօրինակ դեպքեր Հայաստանի նորագույն պատմության ընթացքում էլի են եղել, երբ երբեմնի դաշնակցական Նաիրի Հունայանը ազգը փրկելու, ժողովրդի արյունը ծծող իշխանություններից ազատվելու վեհ գաղափարներով իր խմբով մտան Ազգային ժողով և գլխատեցին ՀՀ վերնախավը, ինչը որոշ շրջանակների կողմից նույնիսկ ողջունվեց։

Պատերազմից հետո ևս ակտիվացել են 99-ի հոկտեմբերի 27-ի մասին հիշողությունները, հատկապես այն բանից հետո, երբ ընդդիմությունը փողոցներում գնդակահարությունների փերֆորմանսներ էր բեմադրում և Գլխավոր շտաբին կոչ անում իր ձեռքը վերցնել իշխանությունը։ Զոհված և անհետ կորած զինվորների հարազատների հույզերը քաղաքական դիվիդենդներ շահելու գործում օգտագործելը անթույլատրելի և դատապարտելի է՝ անկախ նրանից, թե կողմերից որ մեկն է դրանով զբաղվում։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան