Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ ժողովուրդը և մյուս կողմերն առաջ շարժվելուն զուգընթաց՝ որոշ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան. Հայաստանում ԱՄՆ դեսպան

ԼՂ ժողովուրդը և մյուս կողմերն առաջ շարժվելուն զուգընթաց՝ որոշ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան. Հայաստանում ԱՄՆ դեսպան
Քաղաքականություն
17:25, 20 май 2022
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում: Այս մասին օրերս «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Civic.am-ն այսօր՝ մայիսի 21-ին, փորձեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիից պարզաբանում ստանալ. ըստ դեսպանի՝ ինչպե՞ս է արտահայտվելու ԼՂ բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում, որին ի պատասխան տիկին Թրեյսին արձագանքեց. «Կարծում եմ՝ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է և ոչ որոշակի արդեն մանրամասների վերհանումը։ Կարծում եմ՝ դա արդեն  ԼՂ ժողովուրդը և մյուս կողմերը՝ առաջ շարժվելուն զուգընթաց, այդ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան»։ 
 
Լրագրողներից մեկի հարցին՝ Դուք նույն հարցազրույցում խոսել եք Հայաստանի ժողովրդավարության մասին, սակայն մենք տեսնում ենք, թե ինչպես են խոչընդոտում լրագրողների աշխատանքը, մենք տեսնում ենք ընդդիմադիր պատգամավորների հանդեպ կիրառված գործողությունները, ոստիկանների կողմից ցուցարարների հանդեպ գործողությունները, և շատերը կարծում են, որ ԱՄՆ դեսպանը երկակի ստանդարտներով է ժողովրդավարությունը գնահատում և լուռ է բոլոր այս դեպքերի առնչությամբ, ինչո՞ւ է այդպես, դեսպանը պատասխանեց. «Թույլ տվեք չհամաձայնել, որ մենք լռում ենք, արդեն իսկ մեր կողմից արձագանք եղել է Վաշինգտոնից։ Մենք կոչ ենք արել ոստիկանությանը պատշաճ գործելակերպ դրսևորել՝ անհարկի ուժ չկիրառել, և բացի դրանից, նաև մյուս կողմից էլ՝ մենք ցուցարարներին կոչ ենք արել խաղաղ ձևով իրենց ցույցը՝ բողոքի ակցիան իրականացնել։  Մենք կոչ ենք անում փողոց դուրս եկած բոլոր կողմերին՝ ցուցարարներին, ոստիկաներին, որպեսզի նրանք հարգանք դրսևորեն այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ, որոնք իրականացնում են իրենց պաշտոնական պարտականությունը։ Եվ որքան տեղյակ եմ, բողոքներ են եղել այդ դեպքերի վերաբերյալ, և ոստիկանության կողմից պատրաստակամություն կա այդ բողոքներով քննություններ իրականացնելու։ Դա է հենց ժողովրդավարությունը, երբ կա նման գործընթաց և նաև հաշվետվողականություն»:  

Լին Թրեյսիի խոսքով՝ ժողովրդավարությունը բոլորովին էլ կատարյալ չի կարող լինել, և ժողովրդավարական շատ հասարակարգերում տեսնում ենք ժողովրդավարության հետ կապված խնդիրներ, և մշտական աշխատանքներ՝ ջանքեր են անհրաժեշտ այդ խնդիրների լուծման ուղղությամբ՝ ոստիկանական բարեփոխումների, ոստիկանական հաշվետվողականության և այլ տարբեր հարցերին առնչվող. «Եվ նման դեպքերի, նման զարգացումների արձանագրվելը դեռ չի նշանակում, որ ժողովրդավարություն չկա, դա նշանակում է, որ քաղաքացին կարող է խնդիրը բարձրացնել, և կառավարությունը այդ խնդրով քննություն իրականացնել և անհրաժեշտ հաշվետվողականություն և պատասխանատվություն ապահովել։ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհը, ուղեգիծը ինձ համար ուրախալի է, հուսադրող է, և մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումները, աշխատել Հայաստանի ժողովրդի և կառավարության հետ»։ 

Նարա Մարտիրոսյան