Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» գոչողներն իրենց վարքագծով փորձում են վիժեցնել Արցախի հարցով բանակցություններն ու նոր բախում սադրել

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» գոչողներն  իրենց վարքագծով  փորձում են վիժեցնել Արցախի հարցով բանակցություններն ու նոր բախում սադրել
Քաղաքականություն / Հայաստան
19:55, 24 май 2022
«Դիմադրություն» շարժումը փոխում է իր մարտավարությունն ու   փոխակերպվում  «պրովոկացիոն» շարժման, որի առաջին մարտավարական խնդիրը երկրի առաջին դեմքերից Արցախի հարցով սադրիչ հայտարարություններ կորզելն է՝ դրանք չարտաբերելը  մեկնաբանելով «Արցախից հրաժարում» կամ «Արցախի հանձնում»։  Այս գործելաոճը  նոր չէ, դրան հանրությունը ականատես է եղել նոր խորհրդարանի գործունեության 10 ամիսների ընթացքում, սակայն նոր է կատարման  և մատուցման առումով՝ հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան  հարաբերությունների կարգավորման ներկա հանգրվանը։  

Ինչպես հայտնի է, դիմադրողականները՝ ի դեմս  «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորների, ժամեր առաջ ներխուժել են ՀՀ ԱԳՆ-ի շենք և, հանդիպելով ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին, նրանից ամեն կերպ փորձել  կորզել Սերժ Սարգսյանի «ֆիրմեննի» արտահայտությունը՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Որպես «կորզիչ» հանդես է եկել   «Հայաստան» դաշինքի արագախոս   պատգամավոր  Հռիփսիմե Ստամբուլյանը։ Որպես խրախուսիչ՝ Հայկ Մամիջանյանն ու էլի մի քանի արցախափրկիչ։  «Ուզո՞ւմ եք կրկնեմ բառ առ բառ՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է տիկին Ստամբուլյանը՝ նախարարի հետ երկխոսությունը շփոթելով իր տան կրտսեր անդամներից մեկին ոտանավոր սովորեցնելու հետ։  

Հատկանշական է, որ մեկ այլ պատգամավոր՝ դաշնակցական Քրիստինե Վարդանյանը, ի հավելումն Ստամբուլյանի ցուցումի, ասել է. «...և վերջացնենք այս ամբողջ ճգնաժամը»։ Պատգամավորներն այնուհետ, ԱԳ փոխնախարարից չլսելով իրենց   ակնկալած արտահայտությունը, հեռացել են՝ «Պետք է արձանագրել, որ ԱԳ նախարարությունում  հրաժարվում են ասել՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու» վերդիկտով։
 
Նախ անդրադառնանք «և վերջացնենք այս ամբողջ ճգնաժամը» արտահայտությանը, որը չափազանց կարևոր է՝ դիմադրողականների ներսում տիրող իրավիճակը ախտորոշելու առումով՝ իշխանափոխության չլուծված խնդիր,  հոգնածություն, անելանելիություն, ճգնաժամը լուծված համարելու և տուն կամ խորհրդարան վերադառնալու ցանկություն... Փաստորեն, ամբիցիոզ այս շարժումը, որը սկսվեց   բարձր նշաձողով՝ թույլ չտալ, որ «Արցախը մնա Ադրբեջանի կազմում» և որպես դրա նախապայման հասնել Արցախի հարցով բանակցողի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին,  իջեցրել է իր նշաձողը՝ վերածվելով  վերոհիշյալ սադրիչ հայտարարությունը պետական պաշտոնյաներին ասել տալու մակարդակի շարժման։    

Այս համատեքստում կարևոր հարց է ծագում՝ երբ հայրենի ընդդիմադիրները պնդում են, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», ի՞նչ կարգավիճակ են ակնկալում Արցախի համար՝ լինելիություն Հայաստանի՞ կազմում, թե՞ մեկ այլ պետության՝ դիցուք, Արցախի անվտանգությունն այս պահին ապահովող ՌԴ-ի։ Իսկ գուցե այս ամբողջ շարժումը միտված է Արցախը ՌԴ-ի կազմ տանելու՞ն, պարզապես ընդդիմության լիդերները   բավարար համարձակություն չունեն հայտարարելու այդ մասին՝ իրենց հետևից գնացող փոքրաթիվ աջակիցների  տոնը չփչացնելու համար։ 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված  վերոհիշյալ պոպուլիստական արտահայտությանը, ապա ֆիքսենք, որ իր նախագահության օրոք երբեք նման  արկածախնդրության չի դիմել՝ հայտարարելով այն, ինչն այսօր իր ընդդիմադիր դարձած գործընկերները   պահանջում են  իշխանությունից։ (Սերժ Սարգսյանը այդ հայտարարությունն   առաջին անգամ արել է Զագրեբում, 2019 թվականին, ԵԺԿ համագումարին)։ ՀՀ-ի և Արցախի անունից բանակցող թիվ մեկ պաշտոնյան շատ լավ պատկերացնում էր և պատկերացնում է նման սադրիչ հայտարարության գինը ՝պատերազմ բանակցային պրոցեսին և պատերազմի քարտ բլանշ՝ Ադրբեջանին։   Տարօրինակն այն է, որ Նիկոլ Փաշինյանին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն անելով պատերազմ սադրելու մեջ մեղադրող ընդդիմությունը պատերազմից հետո ստեղծված պայթյունավտանգ   իրավիճակում իշխանությանը ստիպում է   գնալ գիտակցված սադրանքի՝ անել  նոր պատերազմի «կազուս բելի»-ի արժեք ունեցող արտահայտություն։  Արցախի փրկությունը, փաստորեն, գործող ընդդիմությունը տեսնում է այնպիսի գործելաոճ որդեգրելու մեջ, որը բանակցային ընթացող գործընթացի տրամաբանությանն ու խաղի կանոններին հակադրվելն է ու այսպիսով նոր պատերազմ գրգռելը՝  «փրկելու» Արցախի մնացած հատվածը։   

Այդ գրգռիչ գործելաոճի դրսևորումներից մեկն էլ  մասնավորապես ամիսներ առաջ Շուշիի հռչակագրի ընդունումը դատապարտող հայտարարությունը մեյդան բերելն էր,  որին իշխող ուժը չմիացավ, ինչը ընդդիմադիրների կողմից  մանկամիտ մեկնաբանման արժանացավ՝ «ՔՊ-ն կողմ է Շուշիի հռչակագրին»։ Այն դեպքում, երբ ՀՀ ԱԳՆ-ն այդ հռչակագրի ընդունումը  դատապարտել էր մեկ տարի առաջ: 

Նկատենք,  որ Արցախի բանակցային գործընթացին հակասող նախաձեռնություններով հանդես գալու պրակտիկան նորություն չէ։  Նախկին իշխանության կառավարման տարիներին նույնպես  խորհրդարանական ընդդիմությունը  հանդես էր գալիս նման նախաձեռնություններով,  սակայն ոչ թե երկրի ղեկավարից կամ ԱԳ նախարարից պահանջում էր   Արցախի կարգավիճակի վերաբերյալ պոպուլիստական կենացներ  ասել, այլ   բարձրացնում էր ՀՀ ԱԺ-ի կղմից   Արցախի անկախության ճանաչման հարցը։   Նման օրինագծերը թեև  կտրուկ մերժվել են օրվա իշխանության կողմից, սակայն դրանց չեն հաջորդել  տարատեսակ դիմադրողական ու արցախափրկիչ շարժումները, և ոչ մի ընդդիմադիրի մտքով, հատկապես ՀՅԴ-ի, չի անցել ուրացման ու դավաճանության մեջ մեղադրել Սերժ Սարգսյանին կամ իշխող ՀՀԿ-ին, առավել ևս՝  Արցախը Ադրբեջանի կազմում չթողնելու մասին հավաստիացումներ պահանջել  կոալիցիոն գործընկերոջից։  

Արդ, այժմ, այս հանգրվանում,  աշխարհաքաղաքական այս բարդ ու սրված իրավիճակում,  երբ ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ «մոսկովյան» և «բրյուսելյան»  ֆորմատով, ինչո՞ւ է «բանակցային տառապանքի փորձ» ունեցող ընդդիմությունը որոշել իր գործողություններով  նպաստել ոչ թե   ստատուս քվոյի պահպանմանը,  ոչ թե նոր պատերազմի հավանականության նվազեցմանը,   այլ ընդհակառակը՝ տուրք տալ պատերազմի վտանգով հղի սադրիչ հռետորաբանությանը։ Եվ այս ամենը՝ ընդգծված հակաարևմտյան և ընդգծված պրոհյուսիսային կեցվածքով։  Արևմուտքին «երկակի ստանդարտների» կիրառման մեջ մեղադրող  հայցվորները գո՞հ են  Հյուսիսի կիրառած ստանդարտներից՝ մասնավորապես  ազգերի ինքնորոշման իրավունքի ղրիմյան, դոնբասյան, լուգանսկյան մեկնաբանման  հարցում։  

Հեղինե Մանուկյան