Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական կառույցների դռներ թակող ընդդիմադիրներին այսօր հաջողվեց ճշտել ՀՊՏՀ գործավարի վճռական «այո»-ն իրենց կետերի շուրջ, մյուս փորձերը անհաջողության մատնվեցին

Պետական կառույցների դռներ թակող ընդդիմադիրներին այսօր հաջողվեց ճշտել ՀՊՏՀ գործավարի վճռական «այո»-ն իրենց կետերի շուրջ, մյուս փորձերը անհաջողության մատնվեցին
Քաղաքականություն
16:35, 31 май 2022
Այսպես կոչված, «Դիմադրություն» շարժումը այսօր վերսկսել է տարբեր կառույցների ղեկավարների «կարծիքները ճշտելու» օպերացիան։

Ընդդիմադիրները, կառույցից կառույց թափառելով, փորձում են պետական տարբեր կառույցների ղեկավարների տեսակետները ճշտել Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու վերաբերյալ։ Շարժման մասնակիցները նախ երթով ժամանեցին Կառավարության նորակառույց շենքի մոտ, որտեղ գտնվում են արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի  և այլ նախարարություններ։

Պատգամավորները, սակայն, չկարողացան նախորդ անգամվա պես մտնել ԱԳՆ և աշխատասենյակների դռները ջարդելով՝ «Նիկոլ դավաճան» գոռալ, ուստի շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան։ Պատգամավորները մտան շենք, սակայն ԵՊՀ ռեկտորի խոսնակը նրանց տեղեկացրեց, որ ռեկտորը այդ պահին շենքում չէ։ Պատգամավորները չկարողացան հանդիպել նաև ռեկտորի տեղակալներին։ Նրանց դիմավորեց միայն ԵՊՀ ուսխորհրդի նախագահ, ՀՀԿ համակիր Դավիթ Ափոյանը, ով ԵՊՀ ուսխորհրդում է դեռ Սերժ Սարգսյանի՝ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած ժամանակներից։

Շենքից դուրս գալուց հետո պատգամավորները, մասնավորապես Աննա Գրիգորյանը նշեց, որ  ռեկտորը փակվել է սենյակում և չի ցանկացել հանդիպել իրենց։ «Տղամարդ ռեկտորը, տեսնելով, որ ԱԺ պատգամավորներ են բարձրանում, դուռը ներսից փակում և մնում է ներսում»,- ասաց Գրիգորյանը և շարունակեց, որ սա ողբերգություն է։

Մի կողմ թողնենք, որ իսկական ողբերգությունը սեքսիստ պատգամավոր ունենալն է, բայց շարժվենք առաջ։

Ընդդիմության հաջորդ կանգառը Տնտեսագիտական համալսարանն էր։ ՀՊՏՀ ռեկտորը, սակայն, նույնպես շենքում չէր։ Պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շենքից դուրս գալուց հետո հայտնեց, որ իրենց, ի տարբերություն ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ում շատ ջերմ են ընդունել։ Գործավարը նույնիսկ բացել է ռեկտորի աշխատասենյակի դուռն ու ցույց տվել, որ ռեկտորը տեղում չէ, ով, ի դեպ, քիչ առաջ է դուրս եկած եղել շենքից։ Կրպեյանը հույս հայտնեց, որ ռեկտոր Դիանա Գալստյանը հատուկ չէ, որ դուրս է եկել շենքից՝ իմանալով, որ իրենք ժամանում են ՀՊՏՀ։

Ավելին, գործավարը ոչ միայն բացել է ռեկտորի աշխատասենյակի դուռը, այլև պատգամավորների հարցին, թե արդյոք, իր կարծիքով, Արցախը չպե՞տք է լինի Ադրբեջանի կազմում, միանշանակորեն դրական պատասխան է տվել։ «Դուրս գալուց, մեր խնդրանքին, որ գործավարը իր կարծիքը հայտնի Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին, վճռականորեն ասաց, որ միանշանակ դեմ է, չի կարող Արցախը երբևէ լինել Ադրբեջանի կազմում։ Այնպես որ, այս ամրագրումը ստանալով, շատ ջերմ մթնոլորտում հրաժեշտ տվեցինք և դուրս եկանք», - ասաց Ասպրամ Կրպեյանը։

ՀՊՏՀ գործավարի վճռական դիրքորոշումը ստանալուց հետո ընդդիմադիրները հեռացան համալսարանից։ Հաջորդ կայարանը՝ Ֆրանսիայի հրապարակ։

Վովա Հակոբյան