Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ-ն «անձնական տեսակետ է» համարում Միքայել Մինասյանի «antinikol» շարժմանը միացած ԵՊՀ ուսանողական կառույցների ղեկավարների քաղաքական գրառումները ԵՊՀ-ի մասին

ԿԳՄՍ-ն «անձնական տեսակետ է» համարում Միքայել Մինասյանի «antinikol» շարժմանը միացած ԵՊՀ ուսանողական կառույցների ղեկավարների քաղաքական գրառումները ԵՊՀ-ի մասին
Հասարակություն
15:57, 20 май 2021
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որում նա կոչ էր անում մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց  չընտրել Նիկոլ Փաշինյանին եւ գրել էր, թե ԵՊՀ-ն երեք տարի է դիմադրում է «նիկովիդին»։ 

Նման գրառում արել էր նաեւ ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող ներկայացող Էդուարդ Գալստյանը, ով տարածել էր Սերժ Սարգսյանի փեսայի հայտարարությունը, որտեղ Մինասյանը «հականիկոլական շարժում» սկսելու մասին է խոսում։  «ԵՊՀ-ն փաստացի միակ ամրոցն է, որ դիմադրում է նիկոլավիրուսի առաջ․ նույնիսկ ուժային կառույցներն են հանձնվել, բայց ոչ համալսարանը», - գրել էր Գալստյանը։

Եվ երկու գրառումներում էլ #antinikol հեշթեգը կա, որի հեղինակը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է եւ կարող ենք պնդել, որ ուսանողական կառույցների ղեկավարները միացել են Մինասյանի շարժմանը։

ԵՊՀ-ում քաղաքականացվածությունը այսպիսով չի սահմանափակվում․ բուհում «անհայտ» կառույցներից՝  ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենն է Վահագն Վարագյանը, ով ՀՀԿ խորհրդի անդամ է եւ գործող իշխանության  քննադատներից եւ մեր ունեցած տեղեկություններով՝ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը նրա սանիկն է։

Նշենք, որ ԵՊՀ-ն ապաքաղաքական կառույց է: Ուսանողական խորհրդի կանոնադրության ընդհանուր դրույթներից 1.2. կետը սահմանում է՝ «ԵՊՀ ՈՒԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է»։

Civic.am-ի հետ զրույցում նախ ԿԳՄՍ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը ասաց, որ ֆեյսբուքյան գրառումները չեն մեկնաբանում, հետո էլ մեր հարցմանը ԿԳՄՍ նախարարությունից պատասխանեցին, որ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր անձնական տեսակետը։

ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բացարձակապես չի կարծում, թե այդ գրառումներով ԵՊՀ-ն քաղաքականացվում է։ «Երբ իշխանությունը փորձում է բացարձակ վերահսկողություն ունենալ ԵՊՀ-ի վրա՝ դրանով է քաղաքականացվում բուհը», - ասաց նա։

Սակայն հիշեցնենք, որ նախկինում ԵՊՀ-ում չէին դժգոհում վերահսկողությունից, երբ բուհի Հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն էր, ում առաջ գլուխ էր խոնարհում առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար մեղադրվող նախկին ռեկտորը՝ Արամ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում երկու տարի է Հոգաբարձուների խորհրդին չի հաջողվում ընտրել ռեկտոր։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթով Կառավարությունն առաջարկում է, որ բուհերի խորհուրդների 9 անդամներից 5-ը կներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը։ ԱԺ-ը  ընդունել է այն, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել օրենքը, դիմել է ՍԴ։