Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս մարդիկ երազում են ծեծ ուտել, և նրանց պետք է պատրվակ, որպեսզի վերջացնեն այդ ամեն ինչը և հետ գան ԱԺ. Վաղարշակ Հակոբյանը՝ ընդդիմության մասին

«Ես դատապարտում եմ այդ միջադեպը, այստեղ պետք է համալիր քննություն անցկացվի, և այն մարդիկ, ովքեր սադրանքի են դիմել, այդ ուսումնասիրության արդյունքում պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եվ ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը կգնա այդ ճանապարհով»,-Civic.am-ի հետ զրույցում, խոսելով հունիսի 3-ին կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների և ընդդիմադիրների միջև տեղի ունեցած բախման մասին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ 

Խոսելով ընդդիմության մասին՝ պատգամավորն ասաց, որ այսօրվա ընդդիմությունը, փողոցում  թափառելով, փորձում է քաղաքական օրակարգ ձևավորել, և կարող են այսօր արձանագրել, որ այդ օրակարգի ձևավորումը նրանց չի հաջողվում. այդ պարագայում նրանք խառնաշփոթի մեջ են հայտնվում և չեն կողմնորոշվում ինչ անել։ 

«Այդ պատճառով ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները ավելի աչալուրջ պետք է լինեն։ Որովհետև, այո, ընդդիմությունը կարող է ամեն տեսակի սադրանքի դիմել, որովհետև այլ ճանապարհ չունեն իրենց գործունեությունը շարունակելու համար, ըստ էության նրանք արդեն սպառվել են»,- ասաց պատգամավորը։
 
Արձագանքելով դիտարկմանը, որ արդեն իշխանության համակիրներն են իշխանությանը մեղադրում Ֆրանսիայի հրապարակի և կարգազանց պատգամավորներին մանդատից զրկելու բավարար կամք չդրսևորելու համար, պատգամավորն ասաց, որ այստեղ բնավ կամքի խնդիր չի, այլ իրավիճակն ավելի կոնստրուկտիվ դաշտ տեղափոխելու խնդիր է։

«Դուք նշում ենք պատգամավորական մանդատից զրկելը։ Իհարկե, առավել նսեմացուցիչ բան, քան այդ պատգամավորների պահվածքն է պատգամավորի ինստիտուտի նկատմամբ, դժվար է պատկերացնել։ Բայց պատգամավորին մանդատից զրկելը որոշակի իրավական պրոցես է, և ԱԺ նախագահի շուրթերով ՔՊ-ն նաև ներկայացրել է իր դիրքորոշումը։ Եվ մենք իհարկե կտեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, և եթե ի վերջո  դրա կարիքը լինի, ես կարծում եմ, որ այդ գործընթացը կմեկնարկի»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը։

Խոսելով նաև Ֆրանսիայի հրապարակի փակ լինելու մասին՝ պատգամավորն ասաց, որ դա ազդում է երևանցիների նյարդերի վրա. սա միանշանակ, Ֆրանսիայի հրապարակը փակ պահելը ընդդիմության համար ինքնանպատակ է, քանի որ դա անարդյունք, անպտուղ գործողություն է։

«Նրանք այդ ամենը անում են, որպեսզի իշխանությունը, իրենց պատկերացմամբ, որոշակի գործողությունների գնա։ Ես իմ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ այս մարդիկ երազում են ծեծ ուտել և գնալ իրենց տները, որովհետև իրենք սպառված մարդիկ են որպես քաղաքական գործիչներ։ Իրենք ամեն ինչ փորձում են անել, որպեսզի արդարացնեն իրենց լքելը Ֆրանսիայի հրապարակը և ընդհանրապես փողոցը։ Ինչո՞ւ, որովհետև նրանք բազմիցս հայտարարել են, որ ԱԺ չեն վերադառնալու, և նրանց պետք է պատրվակ, որպեսզի վերջացնեն այդ ամեն ինչը և հետ գան ԱԺ. նրանք ուզում են այդ պատասխանատվությունը թողնել իշխանության վրա։ Նրանք անում են ամեն ինչ, որ իշխանությունը քշի նրանց այդտեղից, բայց մենք այսօր ունենք այլ որակի իշխանություն։ Իրենք եթե մտածում են, որ մենք ունակ ենք մարտի 1-ի կամ նման բանի, ապա չարաչար սխալվում են»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան