Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անձեռնմխելիությունը չի նշանակում անպատժելիություն, պետք չի ոստիկանին հունից հանել, հետո ասել՝ ես պատգամավոր եմ, անձեռնմխելի եմ. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրների մասին

«Հունիսի 3-ին ընդդիմությունը հայտարարել է արտահերթ նիստ, իրենց օրակարգով, այդ օրակարգի մասին տեղեկացված ենք, որովհետև ԱԺ կայքում կա, թե ինչի մասին է օրակարգը և ինչ է նշանակում ջրբաժան, ինչ է նշանակում արտահերթ նիստ՝ սեփական օրակարգով։ ՀՀ-ն ունի օրակարգ. դա ՀՀ պետական շահի պաշտպանությունն է բոլոր ոլորտներում»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստի և հունիսի 3-ին հայտարարած ջրբաժանի մասին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

Պատգամավորը վստահ է, որ որևէ արդյունավետ քննարկում կամ որևէ արդյունավետ նիստ տեղի չի ունենալու, որովհետև այդ մարդիկ ողջամտությունից բավականին հեռու են։

Արփի Դավոյանը կարծում է, որ ընդդիմության կողմից արտահերթ նիստ հրավիրելը փրկօղակ է, և ինչ-որ բան պետք է փաթեթավորեն, որ իրենց ասածների և արածների հակասությունը շատ ակնհայտ չլինի։

Անդրադառնալով նաև ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, թե ոստիկանությունն իրենց նկատմամբ անհամաչափ ուժ է գործադրում, պատգամավորն ասաց. «Եթե ընդդիմադիր պատգամավորները ուզում են հասկանալ, թե ոստիկանությունը ինչ կարող է անել, և մեղադրում են ոստիկանությանը բիրտ ուժ կիրառելու մեջ, ես խորհուրդ կտամ նայեն 2004, 2008, 2015, 2018 թվականների ակցիաները և տեսնեն, թե ոստիկաններն իրենց ինչպես են պահել։ Այսինքն՝ ոստիկաններին ինչպիսի հրահանգներ են իջեցվել, ոստիկաններն ինչպես են քաշքշել, ինչպես են ծեծել, ինչպես են մարդկանց հետապնդել»։

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմադիր պատգամավորները ակցիաների ժամանակ հաճախ են հիշեցնում, որ իրենք անձեռնմխելի են, Արփի Դավոյանն ասաց, որ անձեռնմխելիությունը չի նշանակում անպատժելիություն։ 

«Այդ կարգավիճակը պետք չի օգտագործել, չարաշահել և գնալ ինչ-որ խառնաշփոթ իրավիճակներ ստեղծել, մարդկանց հունից հանել, հետո ասել՝ դե ես պատգամավոր եմ, ես անձեռնմխելի եմ»,- ասաց Արփի Դավոյանը։ 

 
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան