Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի զոհերի արյունը նրանք դիտարկում են որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու պլատֆորմ․ Վաղարշակ Հակոբյանը՝ ընդդիմության մասին․ տեսանյութ

«Ես կարծում եմ, որ մեր ոստիկանները և ուժային կառույցները աչալրջորեն հետևում են և անում են ամեն ինչ, որպեսզի տեղի ունեցող քաղաքական ակցիաները լինեն օրենքի տառին համապատասխան։ Ես ուզում եմ նշել, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ընդդիմությունը քաղաքական ակցիաներ անելու և իր տեսակետն արտահայտելու որևէ խնդիր չունի»,-այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։        
 
Խոսելով նաև այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթից հետո ընդդիմության կողմից շրջանառվում է թեզը, որ նա կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեց դա ու եղան անմեղ զոհեր, և բողոքի ակցիաներին ներգրավված են զոհված զինծառայողների հարազատները՝ պատգամավորն ասաց․

«Պատերազմի ընթացքում և ավարտից հետո ավելի ուժեղ, ունենք ընդդիմադիրների մի ստվար զանգված, որոնք մեր զոհված եղբայրների արյան հաշվին փորձել են քաղաքական դիվիդենտներ հավաքել և այս գործելաոճը անցնող բավականին երկար ժամանակաընթացքից հետո չի փոխվել։ Այդ մարդիկ ունեն մեկ օրակարգ՝ քաղաքական դիվիդենտ հավաքել բոլոր միջոցներով և պատերազմի զոհերի արյունը նրանք դիտարկում են  որպես իրենց քաղաքական դիվիդենտներ հավաքելու շատ հարմար պլատֆորմ։  Ընդդիմությունը իր գործունեության ընթացքում պղծում է ամեն ինչ։ Մեր ընդդիմադիր գործիչներից շատերը ոչնչի առջև կանգ չեն առնելու՝ իշխանություն ստանալու համար»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը։ 

Հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությունը կրկնօրինակում Նիկոլ Փաշինյանի և 2018 թվականի հեղափոխության մասնակիցների տեխնոլոգիաները, պատգամավորն ասաց, որ այսօրվա ընդդիմությունը չունի քաղաքական բացարձակ ոչ մի օրակարգ և ազդեցություն չունի քաղաքական որևէ պրոցեսի վրա և այսօրվա ընդդիմությունը ձախողված ընդդիմություն է՝ իր ղեկավարներով հանդերձ։ 

«ՀՀ քաղաքացին 2018 թվականի մերժել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նրանց արբանյակներին, նրանց ֆրակցիայի անդամներին, որոնք այսօր պատգամավոր են, այդ մարդիկ իրենց որոշումը կայացրել են։ Նրանց քաղաքական օրակարգը Արցախի մասին չէ, նրանց քաղաքական օրակարգը Հայաստանի տնտեսության զարգացման մասին չէ, նրանց քաղաքական օրակարգը ՀՀ քաղաքացու կյանքի բարելավման մասին չէ, և ըստ էության, նրանք չունեն ընդհանրապես ներհայաստանյան օրակարգ, նրանք չեն ներկայացնում, չեն ուզում ներկայացնել ՀՀ քաղաքացուն»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը։ 

Նա նշեց, որ այս մարդիկ, որոնք զրոյացված են, խորհրդարանում չեն կարող որևէ նոր մեթոդ կիրառել, որովհետև գաղափար չունեն՝ ինչի մասին է խոսքը։

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները շատ լավ հասկանում են, որ մի քանի հարյուր հազար դոլարանոց մեքենաներով չեն գնում Ազատության հրապարակ՝ նստացույց անելու, մի քանի հազար դոլարանոց կոստյումներով չեն գնում փողոց փակելու, և իրենց սեփական կամ օվշորային հաշիվներին միլիոնավոր դոլարներ ունեցողները չեն կարող խոսել ՀՀ աղքատությունից, որովհետև նրանք են այդ աղքատության պատճառը։
  
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան