Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմում զոհվածների մարմինները ծնողները հրաժարվում են վերցնել անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո

Պատերազմում զոհվածների մարմինները ծնողները հրաժարվում են վերցնել անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո
Հասարակություն
17:56, 14 март 2022
44-օրյա պատերազմում զոհված որոշ զինծառայողների մասունքները ծնողները հրաժարվում են վերցնել անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ հարազատները իրենց մեջ ուժ չեն գտնում՝ վերցնելու հարազատի կամ որդիների դիերը:

«Կան դեպքեր, երբ նույնականացվել են, արդյունքները կրկնակի, որոշ դեպքերում՝ եռակի հաստատվել են այլ երկրներում, և դեռ հարազատները պատրաստ չեն վերցնելու աճյունները և հուղարկավորություններն իրականացնելու»,- ասաց ՀՀ առողջապահական գերատեսչության ղեկավարը:

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ մինչ այս պահը Հոլանդիա, Վրաստան, Գերմանիա և մի շարք այլ երկրներ կրկնակի փորձաքննության համար ուղարկված աճյունների մասունքների նմուշները 100%-ով համապատասխանել են Հայաստանում տված արդյունքներին:

Թե քանի՞ մասունք կա, նախարարը հորդորեց քննչական մարմիններից ճշտել՝ ասելով, որ չի տիրապետում այդ տեղեկությանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու և, ի վերջո, հուղարկավորելու․ «Բայց նաև, մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ ինչ-որ մի ժամանակ հետո մենք պետք է անդրադառնանք այս հարցին և հուղարկավորենք անհատական ձևով, եղբայրական գերեզմանի մասին խոսք չկա»:

Ավելի վաղ առողջապահության նախարարը նշել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվածների նույնականացված, բայց չվերցված դիակների Եղբայրական գերեզման լինելու մասին որևէ խոսք չի կարող լինել, քանի որ դրանք նույնականացված դիեր են ու կարող են առանձին հստակ կերպով ունենալ իրենց անհատական գերեզմանները:

Թե հատկապես որո՞նք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնց համար ծնողները չեն վերցնում որդիների աճյունները, մանրամասներ չեն հայտնվում: Բայց, օրինակ, կան դեպքեր, երբ նրանք ուղղակի չեն ուզում ընդունել, որ իրենց տղան զոհված է, այլ հավատում են, որ նա գերեվարվածների մեջ է ու մի օր վերադառնալու է: