Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես շատ ուրախ եմ, որ աղի հետ կապված այս հարցը նման բարձր հնչեղություն ունեցավ. Անահիտ Ավանեսյան

Ես շատ ուրախ եմ, որ աղի հետ կապված այս հարցը նման բարձր հնչեղություն ունեցավ. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
18:26, 07 март 2022
«Ես շատ ուրախ եմ, որ աղի հետ կապված այս հարցը նման բարձր հնչեղություն ունեցավ և առիթ հանդիսացավ ևս մեկ անգամ մեր քաղաքացիների ուշադրությունը գրավելու՝ առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի նկատմամբ»,-այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում աղի օգտագործման բարձր ցուցանիշ կա:

«Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությունն է, որ ամենօրյա աղի օգտագործումը չգերազանցի 4 գրամը, մենք օրական օգտագործում ենք 8-ից-10 գրամ: Դա նշանակում է, որ մենք հավելյալ ռիսկեր ենք ստեղծում մեր առողջության համար, ուստի սա էլ պետք է դիտարկել մի բաղադրիչ մաս առողջ ապրելակերպի խթանման, վնասակար սովորություններից հրաժարվելուն»,-նշեց նախարարը:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պետք է սովորել պահպանել առողջությունը:

«Երբ մենք առողջ ենք, չենք գիտակցում, թե ինչ մեծ պարգև է առողջ լինելը, ուստի այդ ժամանակ նաև հոգածություն է պետք է ցուցաբերենք մեր և մեր հարազատների նկատմամբ»,-ասաց նա: