Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը շահագրգռված չէ բացահայտել 44-օրյա պատերազմին տեղի ունեցածը. ՔՊ պատգամավորները՝ ընդդիմության որոշման մասին. ՀԺ

Ընդդիմությունը շահագրգռված չէ բացահայտել 44-օրյա պատերազմին տեղի ունեցածը. ՔՊ պատգամավորները՝ ընդդիմության որոշման մասին. ՀԺ
Քաղաքականություն
19:08, 11 февраль 2022
Ինչպես արդեն հայտնել ենք, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ Հանձնաժողովը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,  անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, մեկնաբանելով ընդդիմության դիրքորոշումը, ընդգծեց՝ ընդդիմությունն ի սկզբանե խոչընդոտում էր այս հանձնաժողովի աշխատանքների ստեղծմանը:

«Նրանց հայտարարությունը վկայությունն է նրա, որ շահագրգռված չեն բացահայտել պատերազմի ընթացքում տեղի ունեցած տարբեր փաստերն ու իրավիճակները: Նրանք շահագրգռված չեն, որ հանրությունը ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները: Շատ լավ հասկանում են, որ պատերազմի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ անօրինականություններ կատարել են հենց իրենց հետ առնչվող մարդիկ»,- կարծում է Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովում ընդդիմության ցանկացած ներկայացուցիչ օժտված է լինելու այնքան լիազորություններով, որքան իշխանական պատգամավորները:

«Մեր խմբակցությունը վճռական է տրամադրված, որպեսզի հանձնաժողովի աշխատանքները լինեն բավականին արդյունավետ: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Դուք գիտեք, որ մի շարք պաշտոնյաներ գնացել են սահման, ասել՝ «հողերն արդեն ծախված են», հորդորել այլևս չկռվել: Այս բոլոր հանգամանքները պետք է ուսումնասիրվեն: Ընդդիմության չմասնակցությունն այս գործընթացին ցույց է տալիս նրանց դեմքն ու նպատակները»:

ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյաննի կարծիքով էլ՝ ընդդիմության որոշումն անհեթեթություն է:

«Եթե իրենք ասում են, որ իշխանությունը ցանկանում է կոծկել որևէ բան, ապա ինչո՞ւ են հրաժարվում այդ աշխատանքներին մասնակցելուց: Թող գան, պայքարեն, թույլ չտան որևէ բան կոծկել»,- նշեց Վարդանյանը:

Անդրադառնալով այն պնդումներին, թե ընդդիմադիր ֆրակցիայից որևէ մեկի անդամը պետք է ղեկավարեր այս հանձնաժողովը, որպեսզի այն ավելի լեգիտիմ լիներ, պատգամավորն ասաց՝ այդ հարցը կարգավորվում է ԱԺ կանոնակարգով:

«Նրանք փողոցային պայքարից հետո, ինչ տեղափոխվել են խորհրդարան, ոչինչ չեն անում, իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, միայն՝ մանղալը: Իրենք չեն պաշտպանում ընտրողների շահերը: Ոչ մի լիազորություն չեն իրացնում: Ասում էին՝ մենք վերցնում ենք մանդատը, որպեսզի օգտվենք պատգամավորների օժտված բոլոր գործիքակազմերից, բայց միայն պատգամավորներին հասու երաշխիքներից են օգտվում»:
Վարդանյանի խոսքով՝ ընդդիմության տեքստում հակասություններ կան:

«Ասում են՝ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը, սակայն դրա համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին չեն ցանկանում մասնակցել: Եվ միայն այս հարցը չէ: Չեն ցանկանում մասնակցել խորհրդարանական դիվանագիտական աշխատանքներին, ոչ մի բանի չեն ցանկանում մասնակցել, ամեն ինչից հրաժարվում են: Միայն անհեթեթ հայտարարություններ են անում, փաստական դաշտ էլ չեն ցանկանում գալ»,- ընդգծեց պատգամավորը:
Նույն խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կարծիքով էլ՝ ընդդիմությունը չի ցանկանում աշխատել, ընդամենը իմիտացիա է ստեղծում:
«Նրանք չեն փորձում իշխանության համար այնպիսի ընդդիմություն լինել, որը կլինի իրական քննադատ ընդդիմություն: Նրանց միակ նպատակը սաբոտաժ անելն ու իշխանության վերադառնալն է, այսքանը»,- ասաց Բաքոյանը:

Պատգամավորի խոսքով՝ հնարավոր է՝ հանձնաժողովի նիստերի ժամանակ բարձրացվեն այնպիսի հարցեր, որոնք ցավոտ կլինեն ընդդիմության համար, այդ պատճառով էլ չեն ցանկանում մասնակցել նիստերի աշխատանքներին:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը պնդում է, թե հանձնաժողովը պետք է ղեկավարեր ընդդիմության ֆրակցիայից որևէ մեկը, որպեսզի այն ավելի լեգիտիմ լիներ, պատգամավորը շեշտեց՝ միևնույն է, ոչինչ էլ չէր փոխվելու: «Մենք գնում ենք բացահայտման, մեր նպատակը դա է: Դա ուղղակի պատճառ էր աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելուն»,- եզրափակեց Բաքոյանը: