Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է անփորձ լինել ՀՀԿ-ի կողմից օգտագործվելու, հեղափոխական ԱԱԾ տնօրենի վարկանիշը մսխելու և վերջում խմբակցության բանալիները ՀՀԿ-ին հանձնելու համար. Դավիթ Խաժակյանը՝ Արթուր Վանեցյանի մասին

Պետք է անփորձ լինել ՀՀԿ-ի կողմից օգտագործվելու, հեղափոխական ԱԱԾ տնօրենի վարկանիշը մսխելու և վերջում խմբակցության բանալիները ՀՀԿ-ին հանձնելու համար. Դավիթ Խաժակյանը՝ Արթուր Վանեցյանի մասին
Քաղաքականություն / Հայաստան
19:19, 21 июнь 2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Իր հայտարարության մեջ Արթուր Վանեցյանը նաև նշել է, որ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը  խորհրդարանից դուրս, բացի դրանից, կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ իրենց ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ։

«Կարծում եմ, որ պետք է քաղաքականության մեջ անփորձ լինել ՀՀԿ-ի կողմից որպես ցուցակի առաջին դեմք օգտագործվելու համար, լինել վարչապետի թեկնածու, դառնալ խմբակցության ղեկավար և ամբողջությամբ մսխել այն վարկանիշը, որը հասցրել էր ձևավորել հեղափոխական ԱԱԾ տնօրեն լինելու ընթացքում  և այդ ամենի վերջում խմբակցության բանալիները հանձնել ՀՀԿ-ին։ Սա խոսում է այդ գործչի անփորձության, քաղաքական անհեռանկարության մասին»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Նա նշեց, որ մի բան պետք է ակնհայտ ֆիքսել, որ Վանեցյանը գործում էր այն ռեսուրսով, որն իր գործունեության տակ էր դրվել ՀՀԿ-ի կողմից՝ մեդիառեսուրս, ֆինանսական ռեսուրս, ընտրական ռեսուրս, այդ թվում՝ ընտրակաշառքներ, և որոնց վերաբերյալ արդեն կան դատարանի վճիռներ, որ «Պատիվ ունեմ»-ը ընտրակաշառք բաժանելով է ըստ էության հասել խորհրդարան, ու դրանից հետո պարզ է, որ իր գործունեությունը չի կարող նույն ինտենսիվության լինել, ինչ որ կար դրանից առաջ։ 

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ հակառակ դեպքում, եթե նա շարունակի օգտագործել ՀՀԿ-ական ռեսուրսը, էլ ինչո՞ւ է մանդատը վայր դնում։

Խոսելով նաև ընդդիմության «Դիմադրություն» կոչվող շարժման մասին՝ Դավիթ Խաժակյանն ասաց, որ նրանք իրենց հռետորաբանության ձեռքն են կրակն ընկել և փորձում են իրենց էլեկտորատի մի որոշ մասին ցույց տալ, որ իրենք դեռևս շարունակում են պայքարել իշխանափոխության համար և ոչ թե մանդատների, խորհրդարանական պաշտոնների համար։

«Որովհետև տեսնում ենք, որ ամեն դեպքում նրանց մեծ մասը շարունակում է կառչած մնալ խորհրդարանական պաշտոններից։ Եվ եթե ասում են, որ իրենք դա պահում են, որպեսզի իշխանափոխության ժամանակ կարողանան քվեարկել նոր վարչապետի թեկնածուի համար, այդտեղ չի տեղավորվում հանձնաժողովների նախագահներ ունենալը, ԱԺ փոխխոսնակ ունենալը։ Հրաժարվեք ձեր պաշտոններից, թողեք, որ ԱԺ-ն բնականոն գործի, դուք էլ ձեր մանդատները պահեք այդ քվեարկության համար։ Անգամ այստեղ իրենց փաստարկներում անկեղծ չեն։ Հետևաբար այդ շարժումը, ես կարծում եմ, չսկսած էլ մարած կարելի է համարել»,- ասաց Դավիթ Խաժակյանը։ 

  Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմությունն իր գործունեությունը  հարմարեցնում է  եղանակային պայմաններին, Դավիթ Խաժակյանն ասաց, որ հավանաբար նրանք արդեն իրենց հետևորդներին  համոզում են, որ սա  ռեպետիցիան էր, և աշնանն ավելի բուռն թափով կսկսեն ինչ-որ գործողություններ անել։

«Եվ մի տարօրինակ բան էլ կա. մենք իրենցից անընդհատ լսում ենք, որ այ, ունեն որոշակի տեխնիկական թերություններ, որոնք պետք է շտկել: Ես կարծում եմ, որ այս շարժման ամենամեծ թերությունն այդ շարժման ուժերն են, այդ շարժման ուժերի հետագիծն է։ Այդ հետագիծը թույլ չի տա որևէ համապետական, համաժողովրդական մոբիլիզացիա իրականացնել։ Ինչքան ուզում են տարբեր տեխնոլոգիաներ կիրառեն, տարբեր մոտեցումներով փորձեն, այսպես ասած, իշխանափոխությանը հասնել, խնդիրն իրենք են՝ անողները, ոչ թե իրենց գործիքակազմը»,- ասաց Դավիթ Խաժակյանը։ 

Խոսելով նաև Իշխան Սաղաթելյանի՝ իշխանափոխության վերաբերյալ հայտարարությունների մասին՝ Դավիթ Խաժակյանն ասաց, որ Իշխան Սաղաթելյանն արդեն մեկ ամիս առաջ հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիրն» այլևս իշխանություն  չունի, և իրենց ձեռքում է իշխանությունը, իրենք կորոշեն՝ որ շենքը բացել, որ շենքը փակել, և եթե քաղաքական գործիչն ինքն իր խոսքերի լրջությունը չի գնահատում, ուրիշները ոնց գնահատեն։ 

Հարցին, թե այն ընդդիմադիր պատգամավորներին, որոնք աշխատանքի  չեն հաճախել և անվայելուչ պահվածք են դրսևորել իրավապահ մարմինների նկատմամբ առողջապահության նախարարի աշխատասենյակ ներխուժելիս, արդյոք պե՞տք է մանդատից զրկել, թե՞ ոչ, Դավիթ Խաժակյանն ասաց. «Ես իշխանության կողմից չեմ տեսնում այդ կամքը՝ վերջիններիս մանդատներից զրկելու։ Այսինքն՝ խոսակցություն կա, բայց գործողություն չկա։ Այն, որ առողջապահության նախարարի քննարկման սենյակ մուտք գործելը քաղաքակիրթ մարդուն վայել պահվածք չէ, ուր մնաց պատգամավորին, այստեղ ևս քննարկելու բան չկա, բայց մյուս կողմից՝ եկեք տեսնենք, թե  այս պրոցեսում քաղաքական առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ում են ֆինանսավորում, ինչպիսի գործունեության համար։ Բորիս Մուրազիին ֆինանսավորում են լկտի ստեր տպելու համար, Նարեկ Սամսոնյանին ֆինանսավորում են հայհոյանքներ արտաբերելու համար։ Սա այս առաջնորդների դիմագիծն է, իրենց թվում է՝ քանի որ դա արվում է այլ անձանց ձեռքերով, իրենց չի վերագրվի, բայց բոլորս տեսնում ենք, որ այդ անբարո քաղաքական վարքագծի հեղինակները հենց այս երկու առաջնորդներն են՝ իրենց կողմից ֆինանսավորվող տարբեր մարդկանց միջոցով։ Իրենք սրանով փորձում են պղծել քաղաքական դաշտը, և, ցավոք սրտի, դա իրենց մոտ մասնակի ստացվել է»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը։ 

Լիլիթ Թադևոսյան