Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր պետք է տեղի ունենար Հաջիևի ու Գրիգորյանի միջև հանդիպումը, բայց ադրբեջանական կողմը չեղարկել է հանդիպումը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր պետք է տեղի ունենար Հաջիևի ու Գրիգորյանի միջև հանդիպումը, բայց ադրբեջանական կողմը չեղարկել է հանդիպումը․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:13, 27 июнь 2022
«Ընդհանրապես Ադրբեջանի խոսույթը մեծ խնդիր է եղել և շարունակում է այդպիսին մնալ և կարծում եմ, միջազգային հանրությունն արձանագրում է, որ Հայաստանն ամեն անգամ փորձում է լինել մաքսիմալ կառուցողական, բայց դրան ի պատասխան, մենք տեսնում ենք Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունը»,- այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին տված առցանց ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, որ Ադրբեջանի նախագահը դժգոհել է, թե խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատելու իրենց  առաջարկն անպատասխան էր մնացել։

Վարչապետը նաև նշեց, որ այսօր պետք է տեղի ունենանար Հաջիևի ու Գրիգորյանի միջև հանդիպումը, բայց ադրբեջանական կողմը չեղարկել է հանդիպումը։ Նա նաև նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպման առաջարկ է հնչել մեր կողմից, որպեսզի հետագա աշխատանքների պլանավորում տեղի ունենա, և այս պահի դրությամբ որևէ արձագանք չկա։

«Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, պիտի արձանագրեմ, որ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի նաև իրավական  պարտավորությունն է և մեր բոլորիս իրավական պարտավորությունն է՝  հասնել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը, և մենք բազմիցս  ենք հայտարարել, որ  հետաքրքրված ենք այդ գործով։ Պիտի արձանագրեմ հետևյալը․ երբ որ մենք Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցրինք, ես էլ հայտարարություն արեցի, և՛ Բրյուսելից, և՛ Հայաստանի կառավարության նիստում, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ սկսում ենք երկաթուղու շինարարությունը, դրանից հետո Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվեց այդ պայմանավորվածությունից։ Ինչպես հրաժարվեց, դրանից հետո եղավ առաջարկ ձեռք բերված պայմանավորվածություններն արձանագրել գրավոր փաստաթղթով, փաստաթղթղի նախագիծը ներկայացրել էր եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող ռուսաստանյան կողմի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկը, հայկական կողմը պատրաստակամություն  արտահայտեց ստորագրել այդ փաստաթուղթը, ադրբեջանական կողմը հրաժարվեց այդ փաստաթղթղից։ Վերջերս էլ նաև հրապարակվեց, թե ՀՀ-ն ինչ կոնկրետ առաջարկով է  հանդես եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների փաթեթային բացման վերաբերյալ, այդ առաջարկությունը հրապարակվեց, ադրբեջանական կողմը մերժեց նաև այդ տարբերակը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այն հայտարարությունը, որը ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպումից ժամեր առաջ արեց Ադրբեջանի նախագահը` հայտարարելով, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պիտի գործեն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Լաչինի միջանցքը, ինքն այն ժամանակ է արձանագրել, որ դա մեզ համար աընդունելի է, որովհետև եռակողմ համաձայնության մեջ հստակ է, որ այնտեղ կա մի միջանցքի հիշատակում և դա Լաչինի միջանցքն է, որը, ըստ եռակողմ փաստաթղթի, գտնվում է ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության ներքո, Հայաստանի տարածքով անցնող միջանցքների մասին որևէ բան գրված չէ։