Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն է ձգձգում նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը և փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորել

Ադրբեջանն է ձգձգում նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը և  փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորել
Քաղաքականություն
22:25, 27 июнь 2022
Ի՞նչ փուլում է Ադրբեջանի հետ սահմանգծման և սահմանազատման գործընթացը, արդյոք ավտոմոբիլային ճանապարհների վերաբացման հարցում Ադրբեջանի հետ կա՞ համաձայնություն, թե՞ որ ճանապարհներով են դրանք անցնելու։  Եթե ոչ, ապա որքա՞ն մոտ ենք համաձայնության գալուն։ Այս հարցում որտե՞ղ են Երևանի և Բաքվի անհամաձայնությունները, ինչպիսի՞ տեսակետ ունեն այս հարցի շուրջ մեր միջազգային գործընկերները։ Civicam-ի հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց, թե պետք է տարանջատել  սահմանազատման հարցը և ճանապարհների և կոմունիկացիաների  բացման հարցը։

«Տեսեք, վերջին շրջանում, Ադրբեջանի ներկայացուցիչները փորձ են անում տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն  նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով աշխատանքն է փորձում հետաձգել, մինչդեռ պիտի արձանագրենք, որ նախորդ հանդիպումը, որը տեղի ունեցավ ՀՀ-Ադրբեջան սահմանին, հենց համատեղ, ինչը շատ-շատ կարևոր է, որոշում է կայացվել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, այո, բայց առնվազն մեկ ամիս անց։ Որովհետև կողմերը արձանագրել են, որ կա որոշակի աշխատանք՝ քննարկման արդյունքներում, որը մեկ ամսից շուտ հնարավոր չի լինի անել։ Եվ սա եղել է համատեղ առաջարկ և համատեղ որոշում, բայց Ադրբեջանի հայտարարությունների տեքստերը և վերանագրերը երբ կարդում ենք, կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ-ն խուսափում է այդ աշխատանքին մասնակցելուց։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է և պետք է արձանագրել, որ նախկինում էլ՝ մայիս ամսին, ՀՀ-ն երկու անգամ պատրաստակամություն է հայտնել, այսինքն՝ նույնիսկ նախնական պայմանավորվածությունէ եղել մեկնարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժովի նիստը  և Ադրբեջանի կողմից երկու անգամ չեղարկվել կամ հետաձգվել է այդ հանդիպումը»։

Նիկոլ Փաշինյան նկատեց, թե  բնական հարց է առաջանում, ինչո՞ւ են ադրբեջանցիները փորձում նման տպավորություն ստեղծել։  «Պատասխանս միանշանակ է՝ էսպես կաթիլ-կաթիլ նրանք փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել՝ ընդդեմ ՀՀ-ի և Արցախի, և նույնն էլ, իմիջիայլոց, ճանապարհների և կոմունիկացիաների թեմայով է՝ Ադրբեջանը անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել,  թե ՀՀ-ն չի ուզում տարածաշրջանի կոմունիկացիաները բացել և եռակողմ հայտարարության դրույթներն իրագործել։ Մինչդեռ իրականությունը հակառակն է։ Իսկ կա շատ կարևոր իրականություն, որ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ վերջին  30 տարիներին և մի փոքր էլ ավելի՝ 31, 32 տարիներին, վարել է ՀՀ-ն շրջափակելու քաղաքականություն։ Եվ իրականում Ադրբեջանն է, որ ձգձգում է պրոցեսը, ինչո՞ւ, որովհետև նա չի ուզում, նա մտածել է և հաշվարկել է, որ ՀՀ-ին շրջափակելու քաղաքականությունը էֆեկտիվ է՝ իրենց հաշվարկով, կամ առնվազն չարժե, որ հիմա կայացվեն որոշումներ, որոնք ՀՀ-ին հնարավորություն կտան հաղթահարել շրջափակումը։  

Իսկ դա ի՞նչ է նշանակում՝ կոմունիկացիաների բացման արդյունքում  ի՞նչ պիտի տեղի ունենա․ համաձայն պայմանավորվածությունների՝ՀՀ-ն պիտի երկաթուղային կապ ստանա Իրանի Իսլամական Հանրապետության հետ, երկաթուղային կապ պիտի ստանա ՌԴ-ի հետ, Սյունիքի մարզը պետք է երկաթուղային կապ ունենա ՀՀ-ի հյուսիս-արևմտյան և մնացած հատվածների հետ։ Գիտեք՝  Սյունիքի մարզը ՀՀ-ի մյուս հատվածներին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով։ ՀՀ-ն պետք է այլընտրանքային ճանապարհ ստանա, նույն սկզբունքով, Երասխ-Մեղրի ուղղությամբ՝ ատվոմոբիլային ճանապարհ։ Ընդ որում, պայմանավորվածությունն այն է, որ ենթադրենք, Զանգելանից կամ Կուբաթլլից դեպի Նախիջևան ճանապարհը և Երասխից  դեպի Մեղրի ճանապարհը պետք է, ինչպես աշխատանքային լեզվում ասվում է, պարիտետային սկզբունքով գործի, և այլն և այսպես շարունակ։ Այսինքն, մենք վերին աստիճանի շահագրգռված ենք պրոցեսը առաջ տանելու համար, իրականում Ադրբեջանը փորձում է հարցը լուծել էնպես, որ ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ, ինչը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Եվ ավելին ասեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումների աղաղակող դեպքեր ենք մենք տեսնում Ադրբեջանից։ Օրինակ, ամենապարզ օրինակը բերեմ ձեզ․  տեսեք՝ Ադրբեջանն ասում է Լեռնային Ղարաբաղ չկա, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ երեք անգամ օգտագործված է Լեռնային Ղարաբաղ անունը։ Լեռնային Ղարաբաղ անունը բնորոշված է նաև ՌԴ խաղաղապահների տեղակայման գոտու տրամաբանության մեջ նաև։ Եվ արձանագրված է, որ գերիները՝ ռազմագերիները, պատանդներն ու այլ պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք։ Մենք այսօր Ադրբեջանում պահվող անձինք ունենք, ովքեր նոյեմբերի 9-ից առաջ են նաև հայտնվել գերության մեջ, կան նաև՝ հետո։ Բայց կներեք, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի ասվում, որ դա չի վերաբերվում հետոյին։ Եվ այդ ընթացքում, հենց նոյեմբերի 9-ին և 10-ին նաև դեպքեր ենք մենք ունեցել։  

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը․ իսկ ինչո՞ւ բացված չեն մինչև հիմա այդ կոմունիկացիաները։ Ինչ է՝ Ադրբեջանը միակողմանի բացե՞լ է։ Ինչու բացված չէ իմ նշած երթուղին, կամ, ենթադրենք, հույսիս-արևելյան մարզերով, Ադրբեջանի տարածքով դեպի ՌԴ տեղափոխվելու երթուղին և այլն և այսպես շարունակ։ Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը եռակողմ հայտարարության  մեկ այլ աղաղակող խախտում է թույլ տվել, ինչը արտահայտվել է նաև Փառուխի դեպքերով, որովհետև Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և, ցավոք, մինչև այժմ շարունակում են մնալ էնտեղ։ Եվ մենք շարունակաբար բարձրաձայնում ենք, որ ռուս խաղաղապահների առաքելությունն է միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ադրբեջանական ստորաբաժանումների դուրս բերումը ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։ Հիմա ես այս ամեն ինչը ինչի՞ համար է, արձանագրելու համար, ու վե՞րջ։ Ոչ, ո՛չ դրա համար։ Ես ուզում եմ ի ցույց դնել, որ Ադրբեջանի հայտարարությունները՝ ձեր հարցերի համատեքստում, չեն համապատասխանում իրականությանը և էդտեղից հարց է բխում՝իսկ ինչո՞ւ   են նրանք այդ հայտարարություններն անում։

Պատասխանն ինձ համար ակնհայտ է, էլի եմ ասում՝ նրանք նոր պատերազմի լեգիտիմություն են փորձում ձևավորել։ Այդ նոր պատերազմը իրենք նկատի ունեն 3 ամսից, 3 տարուց , թե 30 տարուց, դա ուրիշ խնդիր է, բայց գործողությունների վեկտորը դա է, իսկ եթե դա չէ, ես համոզված եմ, որ մենք կարող ենք  սահմանագծման հետ կապված լուծումների գնալ, և մենք աշխատելու ենք։ Եվ հույս ունեմ, որ էն հանդիպումները, և էն առաջարկը, որը ՀՀ-ն արել է՝ կընդունվի։ Ու սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստն էլ հնարավորինս շուտ տեղի կունենա»։ Իսկ այն հացին, թե ինչպիսի՞ տեսակետ ունեն այս հարցի շուրջ մեր միջազգային գործընկերները՝ վարչապետը մասնավորապես պատասխանեց․ «Պիտի արձանագրենք, որ մենք ընդհանուր առմամբ տեսնում ենք միջազգային հանրության մեր գործընկերների տեսակետը։ Այլ բան է, որ այդ տեսակետները երբ, ինչ արտահայտություն են գտնում գործնականում։ Եվ համենայն դեպս այն, ինչ որ ես ասում  եմ, դրանք փաստեր են, որոնք հնարավոր չէ հերքել։ Այլ բան, որ մենք այս փաստերի մասին  պետք է նաև պատշաճ իրազեկենք մեր միջազգայն գործընկերներին՝ ակնկալելով նրանց հասցեական գնահատականը»։