Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են ռուս խաղաղապահները. պետք է քրեական գործ հարուցվի

Արցախում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են ռուս խաղաղապահները. պետք է քրեական գործ հարուցվի
Քաղաքականություն
22:47, 08 апрель 2021
Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելուց և հուշարձանին գրառումներ անելուց հետո անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնաըկվել, սահմանի ամբողջ երկայնքով տեղադրվել են տեսախցիկներ, որոնք կօգնեն հետագա նման դեպքերի կրկնությունը կանխել։  Այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

«Մենք այնտեղ՝ Ստեփանակերտից մինչև Լիսագոր և Ստեփանակերտից մինչև Կարմիր շուկա ամբողջ ճանապարհի երկայնքով տեսախցիկներ ենք տեղադրում, այլ միջոցներ ենք ձեռք առնում, որպեսզի նման միջադեպեր այլևս չլինեն և տարածքները լինեն վերահսկելի»,- ասաց Բադասյանը։

Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինվորականները նախօրեին Շուշիի հատվածում շրջանցել էին ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։  Վահան Բադասյանն ասաց, որ կատարվածի պատասխանատվությունը կրում են ՌԴ խաղաղապահները, իրենք էլ են միջադեպից հետո զգոնացել, խստացրել են իրենց հսկողությունը։

«Խաղաղապահների հետ քննարկվել է կատարվածը։ Իրենք հավաստիացրել են, որ այլևս ավելի զգոն կլինեն, կխստացնեն հսկողությունը։ Բայց մենք էլ իրենց հետ համատեղ կվերահսկենք սահմանը տեսախցիկների միջոցով»,- ասաց Բադասյանը։  Մեր զրուցակիցը նշեց, որ փաստի առթիվ պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի կատարվածի հանգամանքները պարզվեն։ Հիշեցնենք, որ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը կատարվածը ահաբեկչության դրսևորում էր անվանել, սակայն դեռ պաշտոնական տեղեկություն չկա քրեական գործի մասին, ու որևէ մեկը պատասխան չի տվել կատարվածի համար։  

Արցախի գլխավոր դատախազությունից մեզ չհաջողվեց պարզել՝ քրեական գործ այս առիթով արդեն հարուցվե՞լ է, թե՝ ոչ։ Մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին։  Բադասյանը, սակայն, հույս հայտնեց, որ քրեական գործ պետք է որ արդեն հարուցված լինի։ Ինչ վերաբերում է սահմանը հատած ադրբեջանցիներին, ապա Բադասյանն ասաց, որ նրանց ոչ ոք չի տեսել:

«Նրանք շատ արագ են գործել, մտել են փչովի ներկերով ցուցանակի վրա գրառումներ էին արել ու արագ հեռացել։ Նրանց ոչ ոք չի նկատել, ոչ էլ խաղաղապահները»,- եզրափակեց Բադասյանը։  Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կրում են խաղաղապահները և պետք է լինեն պատասխանատվության ենթարկվողներ, որպեսզի հաջորդիվ նման միջադեպեր չկրկնվեն։  

«Տեղի ունեցածը արտառոց բան է և ուղղակիորեն հակասում է ստորագրված փաստաթղթին ու հակասում է երեք կողմերի ստանձնած պարտավորություններին։ Հետևապես հայկական կողմը պետք է ռուսական ու ադբեջանական կողմից պահանջի կատարել իրենց պարտավորությունները։ Հակառակ դեպքում՝ սա միջազգային խուլիգանություն է՝ միջնորդ կողմի թողտվության պայմաններում»,- ասաց Մեհրաբյանը՝ ավելացնելով, որ եթե առաջիկայում կատարվածը բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռք չառնվեն, ապա կարող ենք արդեն հետևություններ անել, որ խաղաղապահները չեն կարողանում ապահովել արցախցիների անվտանգությունը։  

«Գործուն միջոցներից ՝  հետաքննությունն է։ Մենք գիտենք, որ Վիեննայի հանդիպման ժամանակ ԵԱՀԿի այդ մեխանիզմների մասին խոսվել է։ Հիմա ռուսները որոշել են, որ միանձնյա դա կանեն։ Բայց եթե կյանքը ցույց է տալիս, որ չեն կարողանում, ապա պետք է ԵԱՀԿ-ին ներառել այստեղ։ Ի վերջո, հայերը և հայերի անվտանգությունը որբի գլուխ չի, որի վրա ռուսներն ու ադրբեջանցիները պետք է վարսավիրություն սովորեն»,-եզրափակեց Մեհրաբյանը։  

Արփի Հարությունյան