Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանն իր ծառայություններն է առաջարկում ՀՀ իշխանությունից «Զանգեզուրի միջանցք» պահանջող, բայց չստացողներին՝ խոստանալով իշխանության գալու դեպքում չդիմադրել

Ռոբերտ Քոչարյանն իր ծառայություններն է առաջարկում ՀՀ իշխանությունից «Զանգեզուրի միջանցք» պահանջող, բայց չստացողներին՝ խոստանալով իշխանության գալու դեպքում չդիմադրել
Քաղաքականություն
17:12, 20 сентябрь 2022
Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումները երկրի մասին անկեղծորեն մտահոգվող քաղաքական ուժերին թերևս  պետք է ստիպեն խոնարհել կուսակցական դրոշներն ու համախմբվել Հայաստանի ինքնիշխանության և պետականության պաշտպանության շուրջը, մինչդեռ  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում է հակառակի՝  ինչ-որ դրոշ վերցնելու և այն առաջ տանելու մասին։  

Իշխանափոխության մասին խոստումը հերթական անգամ ոտքին գցած նախկին պաշտոնյան, ինչպես հայտնի է, կրկին ակտիվացել է,  սակայն ոչ թե հրապարակ է դուրս եկել ու լեփ-լեցուն  հրապարակում ճառել Հայաստանի «տխուր, կործանման եզրին գտնվող» ներկայի,  իր վերադարձի դեպքում՝ պայծառ ապագայի մասին, այլ դահլիճային ֆորմատով  հանդիպել իր նոսրացող շարքերին։ Հանդիպման վայրը՝ «Մոսկվա» կինոթատրոն։ Վայրի ընտրությունն անգամ պատահական չէ՝ համ Մոսկվա, համ կինո, համ էլ թատրոն։ Նկատենք, որ այդ ակտիվացումը հաջորդում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին, հայաստանյան դեմոկրատիայի մասին օբյեկտիվ արձանագրումներին և որոշ դաշնակիցների կողմից նկատվող անհանգիստ, նյարդային շարժումներին։ Տիկին խոսնակի աչքը, հավանաբար, դեմոկրատիայի հենց այս մակարդակն է շոյել, երբ ՀՀ ինքնիշխանության և կենսական շահերի տակ ռումբ դրած ՀՀ նախկին նախագահները կարող են ռումբի պայթյունի պահին հանգիստ նստել Երևանի կենտրոնի դահլիճներից մեկում ու քննարկել ոչ թե պայթյունը կանխարգելելու, այլ իրենց վերադարձի մասին տեխնիկական «նուրբ» դետալներ։ «Դուք ասում եք,որ ես կրկին պիտի առաջնորդ դառնամ, գնանք առաջ: Սակայն այն, ինչ ասում եք, ես վստահ չեմ, որ արտացոլում է իրական պատկերը, այսինքն՝ արդյոք բոլո՞րն են այդ կարծիքին, թե՞ ոչ: Եթե իսկապես այդպես է, ապա, այո, իմ ժամանակն է, ես պիտի դրոշը վերցնեմ ու առաջ տանեմ»,- մասնավորապես հայտարարել է Քոչարյանը։ Նախկին նախագահը, մինչդեռ, ինչպես ասվեց, պետք է ոչ թե դրոշ վերցնելու ու այն առաջ տանելու մասին ճառեր, այլ իջեցներ իր կողմից կառավարվող ընդդիմադիր խմբակցության դրոշն ու ազդարարեր քաղաքական դաշտն իրենից ազատելու մասին՝ նույնն անելու հորդոր հղելով նաև իր հաջորդին։   

Ակնհայտ է, որ Քոչարյանի ակտիվացումը հենց այս փուլում պատահական լինել չի կարող, քանի որ պատերազմն ու անվտանգային լարված իրավիճակները նա և նրա թիմը մշտապես դիտարկել են որպես «ընձեռված շանս» իշխանությունը վերցնելու համար։ Նման շանսեր մի քանի անգամ տրվել են նախկին նախագահին՝ 44-օրյա պատերազմի օրերին, դրանից հետո՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորած  ռազմական հեղաշրջման փորձի տեսքով, սակայն դրանք իրացնել ու կյանքի կոչել չի ստացվել՝ հայ ժողովրդի լավ հիշողության և աչալուրջ պահվածքի արդյունքում։ Իշխանությունը սահմանադրական ճանապարհով վերցնելու միակ շանսը՝  2021 թվականի ընտրությունների տեսքով, ևս ձախողվեց, փողոցային «լաո»-ական շարժման միջոցով ինչ-որ բան բզբզալ՝ նույնպես չհաջողվեց,  անհեռանկարային է նաև սահմանադրական՝ այս պահին մնացած միակ ու վերջին ճանապարհը՝ ԱԺ-ի միջոցով վարչապետին անվստահություն հայտնելը, որն իրականում «պալատական հեղաշրջում» անելու հրավեր է՝ ուղղված ՔՊ պատգամավորներին։ 

Իշխանափոխության միակ սցենարը մնում է որոշ տաքգլուխների, արկածախնդիրների, թե կուզեք՝ մի խումբ ռոմանտիկների  պրովոկացիոն գործողություններին ապավինելն ու  դրանց առաջնորդությունը ստանձնելը՝ այն ներկայացնելով որպես փողոցային, ժողովրդական ընդվզում։  (Չի բացառվում, որ այդ ռոմանտիկները ներկա էին «Մոսկվա» կինոթատրոնի հանդիպմանը)։  Օրերս Նիկոլ Փաշինյանի  խոսքը խեղաթյուրած  հայտնի մականունով անձի հրահանգով փողոցներ դուրս եկած  ոչ ադեկվատ վարք դրսևորող  զանգվածին, ինչպես գիտենք,   օպերատիվ կերպով միացան նաև ընդդիմության հայտնի դեմքերն ու որոշեցին մենակ չթողնել իրենց «համակիրներին»՝ «տիրություն անել»՝ փորձելով գրոհել ԱԺ շենքն ու ՔՊ-ական պատգամավորներին բերել տալ ԱԺ։  Նրանց այս քայլը   ապացուցեց, որ պատրաստ են  ամեն գնով  կյանքի կոչել «Операция «Ы»-ն, միայն թե դրսից տոն տվող  լինի։    

Իսկ ո՞րն է նախկին նախագահի ակտիվացման մոտիվացիան. փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունները միտված են ՀՀ-ի նկատմամբ ճնշում բանեցնելու միջոցով թուլացնել վերջինիս դիմադրողականությունն ու ստանալ իր/իրենց  պահանջածը՝  զիջումներ ՀՀ ինքնիշխանության և տարածքի հաշվին՝ հայտնի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ։  ՀՀ-ն իր ղեկավարի շուրթերով և ԱԱԽ-ի հայտարարությամբ կտրականապես «ոչ»  ասաց Ադրբեջանի ակնկալիքներին՝ միաժամանակ  ցույց տալով «դռան տեղը»։  Այս դիրքորոշումը հատկանշական է նաև այն առումով, որ այսպիսով  պայթեց  շուրջ երկու տարի ընդդիմության կողմից ջերմեռանդորեն քարոզվող այն թեզը, թե «պատերազմում պարտված ղեկավարը չի կարող բանակցել ՀՀ շահերի մասին, նա պատրաստ է գնալ նոր զիջումների»։  Եվ ահա, այս ամենի ֆոնին  քաղաքական մարաղից  դուրս է գալիս ՀՀ նախկին նախագահն ու բաց տեքստով առաջարկում իր  ծառայությունները բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ղեկավարից պահանջում, բայց չեն կարողանում ստանալ իրենց պահանջածը։  Մարդ, որը ժամանակին քննարկել է Մեղրիի փոխանակման  հարցը, բնականաբար  բաց է «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցերի քննարկման համար։  Քոչարյանի քաղաքական  ուղերձն  այս է՝ բերեք ինձ՝ «Դիմադրություն» շարժման ղեկավարիս, և ես չեմ դիմադրի, կամակորություն չեմ անի, կանեմ այն, ինչ ակնկալվում է անել։    

Հատկանշական է, որ երեկ նախկին նախագահը հանդիպել է Հայաստան եկած ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ, Քոչարյանի մոլի պաշտպան Կոնստանտին Զատուլինին, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներին: Նույն Զատուլինը, որը ժամանակին «խայտառակություն» էր որակել Քոչարյանի կալանավորումը,  այս տարվա հունվարին  հայտարարել էր, թե ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար։ Դա հիմք կստեղծեր Հայաստանի քաղաքական դաշտը նորացնելու համար։ Ապա հավելել էր. «Գործող իշխանությունը, որը հիմնված է խորհրդարանական մեծամասնության վրա, երկրի ներսում ավելի ու ավելի քիչ հիմքեր ունի իր ուժերին վստահ լինելու համար»։ 

Ելենա Ազատյան