Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սահմանին ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու թեման քննարկվում է, ՀԱՊԿ-ի մասով նախ և առաջ պետք է հասկանալ՝ որքանո՞վ է ՀԱՊԿ-ը ճանաչում այն իրավիճակը, որը կա»․ Արարատ Միրզոյան

Այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Նորվեգիայի թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը։ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո տեղ ունեցավ նախարարների մամուլի ասուլիսը։ 
Պատասխանելով ԵՄ քաղաքացիական դիտորդներից Երևանի ունեցած ակնկալիքների մասին հարցին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ ակնկալիքները չեն փոխվել․ «Մենք ակնկալում ենք միջազգային դերակատարում Հարավային Կովկասում  և մասնավորապես Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում։ Մասնավորապես՝ մեր ակնկալիքներն են, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա և այդ փաստերը կվկայեն Հայաստանի այն պնդումները, որ տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածք  ադրբեջանական զորքերի ներթափանցում, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, և դա համապատասխանում  է իրականությանը, բայց նաև իհարկե պետք է այս առաքելությանը վերագրենք հետագա նոր ագրեսիաների կանխման կարևոր առաքելություն ու կայուն խաղաղության հաստատում», - ասաց Միրզոյանը։ 
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից դիտորդների տեղակայման մասին հարցերին, Միրզոյանը նշեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու թեման քննարկվում է և շատ մոտ ապագայում այս մասով հստակություն կունենանք։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելությանը, Միրզոյանն ասաց․ «Ինչպես գիտեք, դիմել ենք ՀԱՊԿ-ին, և կազմակերպությունում որոշում է կայացվել նախնական դիտորդական առաքելություն ուղարկել։ Եկել են այդ պաշտոնյաները և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել։ Զեկույցը ներկայացվել է բոլոր անդամ պետություններին։ Քարտուղարությունը նաև զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել։ Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ, թե երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաև այդ առաքելության գործուղման հարցը։ Այս փուլում ենք այժմ։ Որոշում չկա, քննարկումներ կան։ Մեզ համար չափազանց կարևոր է նաև իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները։ Մեզ նախ և առաջ պետք է հասկանալ, թե որքանո՞վ է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա», - շեշտեց Արարատ Միրզոյանը։