Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերահաստատել եմ Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգային հանրության ընդունած սահմանների ներսում․ Նորվեգիայի արտգործնախարար

Պաշտոնական այցով Երևանում է Նորվեգիայի թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը։ Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսն էր։ Նորվեգիայի պաշտոնյան նշեց, որ իր այցի նպատակը նախ հայ ժողովրդին սատարելու վերաբերյալ Նորվեգիայի պատրաստակամությունը հայտնելն է։ 

Աննիկեն Հյութֆիլդտը նշեց, որ այցի ընթացքում հանդիպելու է ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ «Նորվեգիայի ու Հայաստանի դիվանագիտական հարաբերություների 30-ամյակն է այս տարի։ Մեր կապերը դրված են մարդասիրական և ժողովուրդների միջև բարեկամական հիմքի վրա։ Մեծ պատիվ է իմանալ, որ Ֆրիտյով Նանսենը ճանաչված է Հայաստանում և դեռ հիշում են իր 100 տարի առաջ կատարած աշխատանքը՝ փախստականներին ուղղված»,-ասաց Նորվեգիայի արտգործնախարարն ու հավելեց, որ մեծ ակնկալիքով սպասում է՝ տեսնելու Նանսենի հուշահամալիրի բացումը Հայաստանում։ 

«Թբիլիսիից Հայաստան գալու ճանապարհին զմայլվել եմ Հայաստանի աշնանային գույներով»,-Հայաստանի բնությունը նկարագրելիս ընդգծեց Աննիկեն Հյութֆիլդտը։
 
Նա նաև շեշտեց, որ ծավալուն քննարկումներ է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որտեղ վերահաստատել է Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանության հաստատմանը, տարածքային ամբողջականությանը՝ միջազգային հանրության ընդունած սահմանների ներսում․ «Քննարկել ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը։ Խոսել ենք նաև մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին՝ զբոսաշրջության և առևտրի մասին։ Դիտարկելու ենք, թե ինչպես կարող է Նորվեգիան աջակցել ժողովրդավարական բարփոխումների գործընթացին»։