Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսով եմ՝ մեր իշխանությունները ճիշտ են հասկանում, որ Պուտինի խոսքերը պետք է հասկանալ հակառակ իմաստով․ Ստյոպա Սաֆարյան

Հուսով եմ՝ մեր իշխանությունները ճիշտ են հասկանում, որ Պուտինի խոսքերը պետք է հասկանալ հակառակ իմաստով․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
23:05, 27 октябрь 2022

Եթե ըստ Պուտինի' վաշինգտոնյան առաջարկով Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, ուրեմն Բաքուն օր առաջ պետք է ընդառաջ գնար դրան, ոչ թե Երևանը։ Մինչդեռ Վաշինգտոնից փախչողը Բաքուն է, ոչ թե Երևանը։ Ինչ է' Բաքուն չի ցանկանում Վաշինգտոնո՞ւմ «ստանալ» Արցախը․ ֆեյսբուքի իր էջում գրել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» ակումբում արված հայտարարությանը։

«Եթե Վաշինգտոնում Արցախը «տրվում է» Բաքվին, այդ դեպքում Պուտինի մտահոգությունները և խափանարար գործողությունները պետք է լինեին Բաքվի ուղղությամբ, մինչդեռ իր ելույթում հակառակն է...

Եթե ի տարբերություն Վաշինգտոնի պլանի ռուսական պլանով Արցախը չի մնում Ադրբեջանի կազմում, այդ դեպքում Պուտինն ինչո՞ւ է գրավոր ու բանավոր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ոչ միայն պատերազմից առաջ, ընթացքում ու հետո, այլ հենց 2022թ. փետրվարի 22-ին...

Մարգոյի ասած' նաչալնիկի տրամաբանության մեջ լիքը խառը, հակասություններ կան...»,- գրել է Սաֆարյանը, ապա րոպեներ անց հավելել․

«Ես հուսով եմ' մեր իշխանությունները ճիշտ են հասկանում Ռուսաստանի նախագահի այն խոսքերը, որ եթե Հայաստանը որոշի ընդունել վաշինգտոնյան առաջարկությունը, ապա Ռուսաստանը կաջակցի իր դաշնակցին։ Այս խոսքերը ճիշտ պետք է հասկանալ հակառակ իմաստով, ինչպես որ հակառակ իմաստով պետք էր հասկանալ պատերազմի օրերին ռուսական պլանը չընդունելու դեպքում ասված «конечно, нет»-ը...

Բավական ռիսկաշատ վիճակ է, ու բոլորով միասնական, խելք խելքի տված, առանց հիստերիկաների պետք է հաղթահարենք, լուծենք մեր խնդիրները այնպես, ինչպես մեր ազգային շահն է պահանջում, այլ ոչ թե ինչպես մեզ դրսից ասվում է...»։


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում պատասխանելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին, ասել է․  «Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանը, մենք հանդես ենք գալիս խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման օգտին։ Հայաստանի գործն է, թե պայմանագրի որ տարբերակն ընտրի։ Բայց որ տարբերակն էլ ընտրի, եթե այն կհանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք: Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված, վաշինգտոնյան համաձայնագիրը, որը, ինչքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը՝ խնդրեմ։ Դե, եթե Հայաստանն այդպես է կարծում»։