Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը չի զսպում Ադրբեջանին, էլ ո՞նց ասեն, որ Ադրբեջանն իրենց լավ եղբայրն է․ հավաքվում ենք՝ կառավարությանը իմպուլս տանք, որպեսզի սկսեն ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց․ Կարեն Սարգսյան

ՀԱՊԿ-ը չի զսպում Ադրբեջանին, էլ ո՞նց ասեն, որ Ադրբեջանն իրենց լավ եղբայրն է․ հավաքվում ենք՝ կառավարությանը իմպուլս տանք, որպեսզի սկսեն ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց․  Կարեն Սարգսյան
Քաղաքականություն / Հայաստան
21:05, 21 ноябрь 2022
2021 թվականի մայիսին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունները դիմեցին ՀԱՊԿ-ին՝ պայմանագրի 2-րդ կետով։ Այդ ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ կերպ չօգնեց Հայաստանին, ինչը ներհայաստանյան քննարկումներում արդարադցվեց այն հանգամանքով, որ կառավարող ուժը սխալ կետով է դիմել ռազմական այդ կառույցին։ 2022 թվականի սեպտեմբերի ավելի լայնածավալ հարձակման և Հայաստանի սուվերեն տարածքների օկուպցաման հիմքով Հայաստանը այս անգամ ՀԱՊԿ-ին դիմեց պայմանագրի 4-րդ կետով, որը ենթադրում է անգամ ռազմական միջամտություն։ Այս կետով դիմելու դեպքում, ՀԱՊԿ-ը պարտավոր է քայլեր ձեռնարկել հարձակման ենթարկված անդամի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ։ Չնայած սրան, ՀԱՊԿ-ը ոչ միայն որևէ էական քայլ չձեռնարկեց, այլ նույնիսկ անդամ երկրները քաղաքական հայտարարություններ չարեցին, չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան, ինչը, օրինակ, արեցին ոչ ՀԱՊԿ անդամ բազմաթիվ երկրներ։ Սրանից հետո ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում ավելի սրվեց և մարդիկ, քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ սկսեցին իշխանություններից պահանջել դուրս գալ այս կառույցից։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի օրն էլ բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Երևանի Ազատության հրապարակում՝ պահանջով դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Ապա այդ կոչերով ևս մի քանի հանրահավաքներ տեղի ունեցան։ Վերջերս էլ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը շատ կոշտ և ըստ էության հակահայկական ելույթ հրապարակեց, որը տեղի էր ունեցել ՀԱՊԿ խորհրդի նիստում։

Նոյեմբերի 23-ին Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները։ Գումարվելիք նիստի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստանի դիմումը։

 «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնության անդամները հերթական հանրահավաքն են հրավիրել Ազատության հրապարակում․ պահանջը Հայաստանի իշխանություններից նույնն է՝ օր առաջ դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Նախաձեռնության անդամներից սոցիոլոգ Կարեն Սարգսյանն ասում է, որ պետք է  ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ցույց տալ, որ իրենք ընդունված չեն Հայաստանում և նմանատիպ միջոցառումները խիստ անհրաժեշտ են։

Ըստ Սարգսյանի՝ միակ երաշխիքը, որ պատերազմից Հայաստանը կազատվի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալն է։ Անդրադառնալով Բելառուսի նախագահի արտահայտություններին՝ Սարգսյանն ասաց, որ ակցիան չի կազմակերպվում, Բելառուսից կամ Ռուսաստանից ինչ-որ պահանջներ ներկայացնելու համար, պահանջներն ուղղված են Հայաստանի իշխանություններին։

Ըստ Սարգսյանի՝ ՀԱՊԿ-ը զսպող միջոց է, բայց ոչ թե զսպում է Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա, այլ զսպում է Հայաստանի զարգացումը։

Սարգսյանն անդրադարձավ նաև ռուսական պետական հեռուստաընկերություններով գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանի նկատմամբ հնչող սպառնալիքներին և վիրավորանքներին, համեմատեց այն թուրքական հեռուստաալիքների հետ։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանն էլ նշում է, որ պետք է սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, միաժամանակ խորացնելով երկկողմանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ 

Ըստ Բաբայանի, Հայաստանն ունի բոլոր իրավունքները գնալ այդ քայլին, մինչև կկարգավորվեն տարածաշրջանում եղած խնդիրները։

Կարեն Սարգսյանը կողմ է ՀԱՊԿ-ից դուրս գալուն, սառեցնելը, ըստ սոցիոլոգի, Հայաստանին ոչինչ չի տա, պետք է դուրս գալ այդ կառույցից, որպեսզի, ըստ Սարգսյանի, կարողանաս Հայաստանից դուրս հանել ՌԴ դեսպանատանն աշխատող ադրբեջանցի գործակալներին, բայց եթե սառեցնել, ապա միաժամանակ պետք է վերանայել Ռուսաստանի հետ առկա 400-ից ավելի պայմանագրերը։
 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան